17/12/2014 13:11
Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ ՀԻԵԿ-ի մասնաճյուղը
«Հայաստանը իր անկախության առաջին իսկ տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգին ինտեգրվելու համար և այսօր իսկ այդ ինտեգրացիոն գործընթացները բերել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիարժեք անդամներ: ՀԻԵԿ-ը միջազգային մասնագիտացված լրջագույն կազմակերպություն է, որի անդամներ են մի շարք պետություններ, եվրոպական և ոչ միայն, համաշխարհային մի քանի տասնյակ համալսարաններ ու մի շարք այլ ակադեմիական հաստատություններ»,- այս մասին այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) երևանյանի գրասենյակի բացմանն ասաց Գրասենյակի տնօրեն, «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը:
Նրա խոսքով՝ երևանյան մասնաճյուղը կազմակերպության՝ տարածաշրջանի միակ մասնաճյուղն է:
«Հայաստանի օրենսդրության զարգացման ճանապարհին հատկապես կարևոր է օգտվել այս հեղինակավոր միջազգային կազմակերպության ռեսուրսից, որի մասնագիտական ցանցում են ներգրավված համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան-գիտնականներ: Այն հնարավորություն կտա կայացած հայ իրավագետներին սկսել և շարունակել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններին, հայաստանյան իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին մասնակցել առաջատար համալսարաններում վերապատրաստման, եվրոպական և համաշխարհային գիտաժողովներին, հնարավորություն կընձեռի երիտասարդ գիտնականներին իրենց հոդվածները տպագրել միջազգային պարբերականներում: Երևանյան մասնաճյուղի բացումը, մեր խորին համոզմամբ, կավելացնի այս եվրոպական կառույցի թե՛ որակական, թե՛ քանակական ներկայությունը Հայաստանում և նրա պետական կառավարման համակարգում»,- ասաց Գ. Մինասյանը:
ՀԻԵԿ տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգայդիսի խոսքով՝ երևանյան մասնաճյուղը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում իր գործունեությամբ:
«Շնորհակալ եմ այս պատմական երկրում գտվելու համար, Արարատ լեռան ստվերում, վայր, որտեղ մեզ մանկության տարիներին սովորեցրել էին, որ դա մարդկության ծննդավայրն է: Հայաստանը և Հունաստանը դարեր շարունակ միասին ապրել են փոխադարձ հարգանքով: ՀԻԵԿ-ը ուրախ է փաստել, որ Հայաստանը վավերացրել է ՀԻԵԿ-ի ստեղծման պայմանագիրը: Մի վավերացում, որը Հայաստանը շատ ակտիվորեն ներգրավեց մեր կազմակերպության շարքերը: ՀԻԵԿ-ը արդեն շատ աշխատանք է կատարել այս երկրում՝ ձեռք ձեռքի տված տեղական ուժերի հետ և մենք պատրաստակամ ենք ընդլայնելու մեր համագործակցությունը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը ինստիտուցիոնալ մակարդակում ներկայացված է ՀԻԵԿ-ում և իրենք գլխամասից կաջակցեն, որ իրականացնեն մեր նախաձեռնությունները:
«ՀԻԵԿ-ը աշխատում է ապակենտրոնացված ձևաչափով, և բազմիցս հրավիրել ենք մասնակից երկրներին նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել տեղական և տարածաշրջանային մակարդակով՝ խթանելու մեջ արժեքները, որովհետև մեր հիմնական ուղերձը հանրային իրավունքի զարգացմանը նպաստելն է: Ես գիտեմ, որ դուք արդեն գաղափարներ ունեք, թե ինչպես եք զարգացնելու այս մասնաճյուղը: Վստահ եմ, որ ամեն ինչ հարթ է ընթանալու և բարգավաճելու է այս մասնաճյուղում, որովհետև այն գտնվում է շատ լավ ձեռքերում, և կան մարդիկ, որոնք ունեն երկար տարիների փորձ, և լավ պատկերացնում ենք, թե ինչ ենք ուզում զարգացնել մասնակից այլ երկրներում և աշխարհում»,-ասաց նա:
Նշենք, որ ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թ. Հունաստանում, Աթենքում և արագորեն ընդլայնվում է: Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ ու Հանրաին Մարմիններ և 64 համալսարաններ ու Ինստիտուտներ կազմակերպության անդամ են: Ունենալով իր գլխամասը Աթենքում՝ այն իր 14 գրասենյակներն ունի ամբողջ աշխարհում:
Մինչև այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել, աջակցել է շուրջ 200 կրթական, հետազոտական, վերապատրաստման ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրերի և ավելի քան 70 երկրներում աջակցություն է ցուցաբերել ժողովրդավարական ինստիտուտներին:
Համագործակցելով Եվրոպական Հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Համաշխարհային Բանկը, ինչպես նաև անդամակցելով Զարգացման Իրագործման Գործակալությունների Եվրոպական ցանցին և Միջազգային Հակակոռուպցիոն Ակադեմիային՝ ՀԻԵԿ-ն իրականացրել է ընդարձակ հետազոտական և խորհրդատվական գործունեություն, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր՝ ուղղված Եվրոպական Հանրային իրավունքի ստեղծմանը: