17/12/2014 16:47
«Մաքսային կարգավորման մասին» օրենքն ընդունվեց ամբողջությամբ
«Մաքսային կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն այսօր ԱԺ-ը երրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց: Մինչ քվեարկությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց, ինչը, սակայն, մերժվեց: Ինչպես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բնորոշեց` պատգամավորի հայտը փոքր-ինչ ուշացավ:
Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահին հակադարձեց, թե ինքը ժամանակին է ասել, սակայն վերջինս լավ չի լսել: «Լավ եմ լսում, բայց ժամանակին չասացիք»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ մինչ քվերակությունը պատգամավորները պետք է լսեն, թե որ առաջարկներն են ընդգրկվել նոր փաթեթում: «Լավ կլիներ ներկայացվեր, թե ինչպես են ընդունվել մեր առաջարկությունները»,- ասաց պատգամավորը, որին ի պատասխան Գալուստ Սահակյանը ասաց, որ բոլոր առաջարկները ներառվել են նոր փաթեթում:
Որոշումն ընդունվեց` 73 կողմ, 5 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: