17/12/2014 15:04
Արա Նռանյանի պաշտոնի մասին. Դաշնակցությունը պետք է մաքրամաքուր ընդդիմություն մնա՞
Արա Նռանյանը Կառավարությունում պաշտոն չի ստանա, իսկ Դաշնակցությունը չի մտնի կոալիցիա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը:
«Այդ բոլոր լուրերը սուտ են»,- հավաստիացրեց նա:
Ա. Ռուստամյանն ընդգծեց, սակայն, որ եթե Դաշնակցությունն իրեն ընդդիմադիր ուժ է հայտարարել, դա չի նշանակում, որ չպետք է պետական ապարատում աշխատանք ունենա, այլապես խնդիրներին լուծում չի տրվի: Դաշնակցական պատգամավորը գտնում է, որ խնդիրների լուծումը քննարկումներով ու առաջարկներով է բացառապես հնարավոր լուծել:
«Դա է հենց մեր նպատակը: Եթե ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ չենք կարող աշխատել: Հակառակը` պետք է աշխատենք, որպեսզի այդ խնդիրներին լուծում տանք: Ինչո՞ւ բոլորին կարելի է, իսկ Դաշնակցությանը՝ ո՞չ. Դաշնակցությունը պետք է մաքրամաքուր ընդդիմություն մնա՞»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ այսօր ընդդիմադիր որոշ ուժեր նույնպես աշխատում են պետական ապարատում և ստանում են իշխանությունների հովանավորությունը, բայց, երբ խոսքը գնում է Դաշնակցության մասին, չգիտես ինչու, Դաշնակցության վրա սկսում են ցեխ շպրտել:
«Եթե չհամագործակցեն, չեն կարող աշխատել: Ես վստահ եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր նույնպես վայելում են իշխանությունների հովանավորչությունը»,- ասաց պատգամավորը: