17/12/2014 11:01
Պետք չէ մեղքը բարդել միայն Կենտրոնական բանկի վրա ու քավության նոխազը դարձնել այն
«Խե~ղճ Կենտրոնական բանկ, ի՞նչ անի: Ինքը այս ամենում քավության նոխազ է դարձել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով առկա իրավիճակը արտարժույթի շուկայում, դոլարի շարունակ արժեվորումը, դրա ֆոնին դրամի գահավիժող արժեզրկումն ու անխուսափելի գնաճը:
Քաղաքական գործիչը շեշտեց` այս իրավիճակում, ներկայիս սոցիալ-տնտեսական բարդ վիճակի համար ամբողջական իշխանության պատասխանատվության խնդիրն է առկա : Եվ հիշեցրեց, որ ժամանակին զգուշացվել էր, որ այն տնտեսական, արտաքին ու ներքին քաղաքականությունը, որ իրականացնում է ամբողջական իշխանությունների կողմից բերելու է նման բարդությունների.
«Միայն գնաճով, այսինքն` ֆինանսական խնդիրներով պայմանավորված իրավիճակ չէ սա, որ մեղքը բարդենք միայն Կենտրոնական բանկի վրա ու հերթական քավության նոխազը հիմա էլ դառնա ԿԲ- ղեկավարությունը: Ոչ: Սա ամբողջական իշխանության պատասխանատվության խնդիր է, քանի որ չկա որևէ իրականացված քայլ Հայաստանում, որ ամբողջական չի արվել ու չկա որևէ համակարգ կամ բաժին այս համակարգի, որ առողջ լինի»,- նշեց Ա.Մարտիրոսյանն ու հավելեց` ուստիև այն, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում, նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամը միմիայն ամբողջական իշխանության պատասխանատվության խնդիր է և առանց ամբողջական լուծումների ճգնաժամը գնալով ավելի կխորանա:
Նշենք, որ այս պահի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում գնում են 510-520 դրամով: