17/12/2014 20:08
Հ.Մանուկյանը ողջունել է ՀՀ-ում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին:
Ինչպես տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հ. Մանուկյանն ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Այնուհետև նախարարն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝նշելով, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: Պրոֆեսորը նախարարին տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության նպատակներում ներառված են իրավաբանական կրթությունը, հետազոտություն իրականացնելը, ուսուցումը և հաստատությունների զարգացումը:
Նա իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները, միևնույն ժամանակ շեշտելով, որ նախարարի համաձայնությամբ կարող են աջակցել ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին: Նախարարն ընդունել է հյուրի առաջարկը՝ կարևորելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
Կողմերն անդրադաձել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի, մասնավորապես՝ իրավաբանների վերապատրաստմանը, ուսումնական ծրագրերի արդյունավետությանը և տեղայնացմանը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ֆլոգաիտիսը կարևորել է այն, որ Հայաստանը վավերացրել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն ԳրիգորՄինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը:
ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակ ամբողջ աշխարհում։ Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել և աջակցել է շուրջ 200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։