17/12/2014 20:24
Ովքեր են ԱՄՆ նոր դեսպանները Հայաստանում և Ադրբեջանում
ԱՄՆ Սենատն այսօր հաստատեց Հայաստանում և Ադրբեջանում իր նոր դեսպանների թեկնածությունը: Հայաստանում դեսպան նշանակվեց Ռոբերտ Միլս կրտսերը, Ադրբեջանում՝ Ռոբերտ Սեկուտան:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագ Ջեյմս Ուորլիքը իր Twitter-յան էջում անդրադարձավ նոր նշանակումներին, նշելով, որ երկու դիվանագետներն էլ պրոֆեսիոնալներ են: ԱՄՆ Պետդեպի կայքից փորձեցինք տեղեկանալ, թե մասնագիտական ինչպիսի՞ անցյալ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նորանշանակ դեսպանները:
Ռոբերտ Սեկուտան մինչ նշանակումը աշխատում էր պետական դեպարտամենտի էներգետիկ բաժնում: Ըստ պետդեպի հաղորդագրության՝ Սեկուտան դեսպան է նշանակվել Ադրբեջանում, քանի որ որպես պետական ծառայող աշխատել է էներգետիկայի, ժողովրդավարության ու ազատ շուկաների ձևավորման ոլորտում և լավ մասնագետ է, իսկ դրանք Ադրբեջանի պարագայում առանցքային խնդիրներ են: Սեկուտան, հիմնականում, աշխատել է բիզնեսին, առևտրին, էներգետիկային առնչվող ապարատներում՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը տնտեսական հարաբերություններ զարգացման գծով, Տոկիոյում և Բեռլինում ԱՄՆ դեսպանատներում՝ կրկին տնտեսական հարաբերությունների գծով: Սեկուտան նաև մի շարք երկրներում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ է եղել:
Ինչպես երևում է, Սեկուտայի մասնագիտական անցյալից ու պետդեպի շատ անկեղծ հայտարարությունից, Ադրբեջանում նրա նշանակումը ևս մեկ անգամ շեշտում է հարաբերությունների խիստ տնտեսական, այս դեպքում՝ էներգետիկ նշանակությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբերտ Միլսին. Նրա վերջին պաշտոնը եղել է Լիբանանում ԱՄՆ առաքելությունում: Միլսը աշխատել է նաև Իրաքում, Անգլիայում, Սաուդիան Արաբիայում, Պակիստանում: Հատկանշական է, որ Միլսը աշխատել է նաև Սանկտ-Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում: Միաժամանակ Պետդեպում եղել է Խորհրդային Միության հետ հարաբերությունների բաժնում: Միլսը, հիմնականում, աշխատել է որպես քաղաքական խորհրդական, տիրապետում է նաև ռուսերենի:
Պետդեպի հաղորդագրության մեջ նշված է, որ Միլսի նշանակումով հույս ունեն շարունակել զարգացնել հարաբերությունները Հայաստանի ՝ Արևելյան Եվրոպայում իրենց կարևոր գործընկերներից մեկի հետ:
Դեսպանի մասնագիտական փորձառությունը 90-ականներին՝ Խորհրդային Միության հարցերով, իսկ հետ՝ո Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսարանում կարող է առիթ տալ ենթադրելու, որ ամերիկյան կողմը փորձում է Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնում տեսնել մարդու, ով ծանոթ է Ռուսաստանին ներսից: Հատկապես Հայաստանի՝ ԵՏՄ ինտեգրման ու ընդհանրապես հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող նոր իրադարձությունների ֆոնին, նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը Հայաստանում կարող է ինչ-որ բան նշանակել: