17/12/2014 12:50
Սուրեն Սարգսյան. Ապակողմնորոշելու համար` ինձ ծեծելիս տալիս էին Մհեր Սեդրակյանի անունը
«Ինձ ամիսներ շարունակ հետևում էին, սակայն ես չգիտեի, դրանք ում տղաներ են: Հետո նրանք գտել էին տեղը և պահը ու հարձակվեցին ինձ վրա: Այդ պահին ես մտածեցի, թե ինձ եկել են ձերբակալելու, դրա համար դիմադրություն չեմ ցուցաբերել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց օրերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այդ հարձակումը լուրջ ծրագրված գործողություն էր. «Ինձ փորձում էին ապակողմնորոշել, քանի որ հարվածելիս տալիս էին Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի անունը, ինչը շեղող գործողություն էր»:
Նրա խոսքով՝ իրեն մոտեցել են իշխանությունից մարդիկ և հայտարարել, որ նախագահ Սերժ Սարգսյանին այդ միջադեպը ձեռնտու չէր. «Ես բողոք չեմ գրել, քանի որ մենք չունենք ոստիկանական և դատական համակարգ: Այս իրավիճակից ելքը այս իշխանություններից ձերբազատվելն է»:
Ս. Սարգսյանը ողջունեց ազատամարտիկների երթը և ելույթները, համախմբումը Եռաբլուրում: Նրա խոսքով՝ մամուլում ինքը տեսել է, թե Հայկազ Բաղմանյանը իր մասին ինչեր էր ասել, թե գնացեք պարզեք, թե Սուրեն Սարգսյանը Շուշիում ինչ է արել, ինչը գեղեցիկ քայլ չէր Հայկազ Բաղմանյանի կողմից: