17/12/2014 13:58
Վլադիմիր Պուտինի հրամանով Սերգեյ Ավագյանցին շնորհվել է ծովակալի կոչում
Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար Սերգեյ Ավագյանցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով շնորհվել է ծովակալի կոչում:
Tvzvezda.ru-ի փոխանցմամբ, Ավագյանցին պարգևատրել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Իոսիֆի Ավագյանցը ծնվել է 1957 թ.-ի Երևանում, Ռուսաստանի ռազմական գործիչ է, Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար:
Ապագա փոխծովակալը ծնվել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի սպայի ընտանիքում:
Ավագյանցը ավարտել է Պ.Ս. Նահիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային վարժարանը, այնուհետև սովորել է ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում, ինչից հետո ուսումը շարունակել է ՌԴ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
Ծառայությունն անցել է Հյուսիսային նավատորմում` Ադմիրալ Յումաշև նավի վրա, 2007 թ.-ի մայիսից զբաղեցրել է Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային կայանի հրամատարի պաշտոնը:
Ռուսաստանի նախագահի 2010 թ.-ի օգոստոսի 25-ի հրամանով Ավագյանցը նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետի պաշտոնում:
2012 թ.-ի մայիսի 3-ից զբաղեցնում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը:
Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ռազմական արժանիքների և այլն: