17/12/2014 10:23
Քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար հատկացրել է 48 միլիոն դրամ
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որին կհաջորդի համերգային ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Կարապի լճի սահադաշտը բացվելու է դեկտեմբերի 23-ին: Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է մեծ միջացառում, իսկ ուղիղ կեսգիշերին՝ հրավառություն, այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 2:00-ը:
Նրա խոսքով՝ հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է միջոցառում փոքրիկների համար, հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում նշվելու է սուրբծննդյան տոնը, իսկ հունվարի 13-ին կամփոփվեն միջոցառումները՝ համերգային ծրագրով:
Երևանի 12 վարչական շրջանները նույնպես զարդարված են լինելու ու տոնական տրամադրություն են ապահովելու մինչև հունվարի 13-ը:
Ա. Սուքիասյանը ասաց, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս համագործակցում է մասնավոր սեկտորի հետ և նրանք պետք է զարդարեն իրենց տարածքը, իսկ լավագույն տոնական ձևավորում ապահոված ընկերության սեփականատիրոջը կտրամադրվի պարգևատրում:
Քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների, ձևավորումների, տոնածառի զարդարման համար համայնքային բյուջեից հատկացրել է 48 միլիոն դրամ:
Ամանորին ընդառաջ 24.300 անապահով երեխայի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական բաժինների կողմից տրվելու են մթերքով փաթեթներ, իսկ մանկապարտեզի, մանկատների սաներին և սոցիալական այլ կառույցներում ապրող երեխաներին բաժանվելու են 38.500 քաղցրավենքով փաթեթներ, իսկ քաղաքապետարանի սոցիալական վարչության կողմից բաժանվելու է ամանորյա ներկայացումների 4000 տոմս: