17/12/2014 15:50
Բանդայի գործով փաստաբան. «Բանդա» ասելով՝ նկատի եմ ունենալու ոչ թե ամբաստանյալներին, այլ իրական բանդային
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ասաց, որ պահանջում է կարճել քրեական գործի վարույթը և արդարացման դատավճիռ կայացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Փաստաբանի խոսքով՝ ապացույցները, որոնցով հիմնավորվել է իր պաշտպանյալի մեղավորությունը, ձեռք են բերվել ապօրինի կերպով և պետք է անթույլատրելի ճանաչվեն, իսկ դրանք ձեքռ բերելուն նպաստած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Կատարվել է միակողմանի քննություն, ինչը երևում է ապացույցներից, իսկ քրգործի հիմքում իմ պաշտպանյալի, չակերտներում ասված, ինքնախոստովանական ցուցմունքն է, որը ձեռք է բերվել այն օրերին, երբ նա ապօրինի կերպով պահվել է ոստիկանությունում, երեք օր շարունակ կտտանքների և էլեկտրաշոկի է ենթարկվել և տվել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք հետագայում դատաքննությամբ հերքվել կամ չեն ապացուցվել»,-ասաց Ս. Ոսկանյանը:
Պաշտպանի խոսքով՝ միայն շինծու ապացույցներով փորձում են հասարակության մեջ ամբաստանյալներին ներկայացնել որպես բանդայի անդամների, թեև այսուհետ ինքը պաշտպանական ճառում «բանդա» ասելով՝ նկատի է ունենալու ոչ թե գործով 4 ամբաստանյալներին, այլ այն մարդկանց, որոնք «իրական բանդան են»:
Ս. Ոսկանյանը դատարանին խնդրեց հաշվի առնել Դ. Գալստյանի հարևանների տված բնութագրերը և 2 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: