17/12/2014 12:24
«Գրանդ Քենդիում» առևտուրը շարունակվում է, գին չի փոխվել
«Խանութները բաց են, երբեք փակ չեն եղել, առևտուրն էլ շարունակվում է»,- Aysor.am-ին ասաց «Գրանդ Քենդի» ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանը` ի պատասխան տարածված այն լուրերի, թե ընդհանուր գնաճի ֆոնին ընկերության որոշ խանութներ հրաժարվում են առևտուր իրականացնել կամ պարզապես փակ են:
Հարցին` ընկերությունը մտադի՞ր է գնային քաղաքականության փոփոխություն կատարել և թանկացնել արտադրանքը, Վ.Բրուտյանը շեշտեց. «Գին չի փոխվել»:
Նշենք, որ Aysor.am-ի խմբագրություն անընդհատ ահազանգում են, որ մայրաքաղաքի խանութներում խուճապ է, որոշ տեղերում սահմանափակում են առևտուրը` թույլ չտալով նույն ապրանքից մեծ քանակությամբ գնել, որոշ խանութներ էլ ընդհանրապես վաճառքն են դադարեցրել, քանի որ ամեն րոպե թանկացող դոլարի ֆոնին ապրանքի գինը վերահաշվարկել թանկացնել ուղղակի չեն հասցնում:
Այս պահի դրությամբ Rate.am կայքից տեղեկանում ենք, որ 1 ԱՄՆ դոլարը բանկերը գնում են առավելագույնը 550 դրամով, թեև սուպերմարկետների և այլ վայրերում տեղակայված փոխանակման կետերում պատկերը բոլորովին այլ է ու դոլարը վաղուց անգամ 600-ի շեմն է հատել: