17/12/2014 17:14
Պետք է պարզել՝ ո՞ւր է հոսում դոլարը
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը երեկ որոշեց առանցքային տոկոսադրույքը 10,75 %-ից բարձրացնել 17 %: Այս լուրը ընդամենը մի քանի ժամ կարողացավ զսպել ռուբլու արժեզրկումը՝ երեկոյան կողմ և այսօր ռուբլու արժեզրկումը շարունակվում էր:
Միաժամանակ, վիճակը բարենպաստ չէ հայկական դրամի համար: Աժիոտաժը և սպեկուլյատիվ գործոնները էլ ավելի են սրում արտաքին գործոններով պայմանավորված առանց այդ էլ բարդ իրավիճակը: Իրավիճակը բավականին լուրջ է, ավելորդ և չհիմնավորված խուճապը կարող է անցանկալի իրավիճակ ստեղծել մեր երկրի ֆինանսական համակարգի համար:
Կառավարության ղեկավարի այսօրվա հայտարարությունը նպատակ ունի սառեցնել բորբոքված կրքերը: ԿԲ նախագահը, քիչ առաջ նույնպես պարզաբանումներ տվեց ստեղծված իրավիճակի մասին, ըստ որի դոլարը գերարժեվորված է և ԿԲ-ն օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը: Ըստ էության, 10 օր առաջ ԿԲ-ի որդեգրած ժամանակավոր քաղաքականությունը առայժմ փոփոխություն չի նախատեսում:
Հիշեցնենք, որ ԿԲ որդեգրած նոր քաղաքականութան իմաստը նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով մինչև տարեվերջ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքներ կազմակերպելու մեջ է: Սակայն դրամի շարունակվող արժեզրկումը ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը, ըստ էության, դրական արդյունք չի ապահովում:
Թեև արտարժույթի շուկա ճիշտ է դոլար մղելը, սակայն դրա համար որոշակի ժամանակահատված ֆիքսելը ամենևին էլ չի նվազեցնում բացասական սպասումները և երկրորդ, դոլարի վաճառքի սակարկությունների մեխանիզմը էլ ավելի է խթանում է դոլարի փոխարժեքի աճը:
Նպատակահարմար կլիներ, որ ԿԲ-ն այլ լուծումներ առաջարկեր ստեղծված վիճակից դուրս գալու համար: Ժամանակը չի կարելի ձգձգել: Տոկոսադրույքի բարձրացումը, ինչպես Ռուսաստանում տեղի ունեցավ, նպատակահարմար չէ և նույնիսկ վտանգավոր է:
Վարչապետը ճիշտ է, որ պետք է շարունակել լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությունը: Միաժամանակ, կարելի է Հանրապետության տարածքից դուրս փոխանցվող արտարժույթի ծավալների վրա սահմանափակումներ կիրառել: Պետք է պարզել նաև, թե ինչու˚ է ձևավորվում արտարժույթների փոխարժեքների այն հսկայական մարժան, որը առաջանում է ԿԲ-ի կամ առևտրային բանկերի կողմից հաստատված և սև շուկայում ձևավորված փոխարժեքի տարբերություններից (նույնիսկ 50-ից մինչև 100 դրամ), ովքեր են շահում դրանից և վերջապես ու˚ր է հոսում դոլարը: