17/12/2014 16:15
Ամենավատը դեռ Թուրքիայի դռանն է «չոքելու». Լիրան պատմական անկում է ապրում դոլարի նկատմամբ
World Bulletin հեղինակավոր պարբերականն անդրադարձել է թուրքական լիրայի արժեզրկմանը և գրել, որ Թուրքիան ֆինանսական ճգնաժամի շեմին է: «Թուրքական լիրան պատմական անկում է ապրում դոլարի նկատմամբ» խորագրի ներքո պարբերականը նշում է, որ երբ թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ հասավ 2.41 ցուցանիշի, Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ պետական ձեռնարկությունների արտարժույթի կարիքներն ուղղակիորեն մատակարարվելու են բանկի կողմից:
Hurriyet Daily News-ն իր հերթին գրում է, որ թուրքական արժույթը նման է ճոճանակի,որը ճոճվում է ներքին և արտաքին զարգացումների մեջտեղում: Ավելին, պարբերականն այս ամենը կապում է դեկտեմբերի 14-ին ոստիկանության կողմից 30 լրագրողների ձերբակալության հետ, ովքեր կապված են Էրդողանի թշնամի Գյուլենի հետ, ով ներկայումս գտնվում է Ամերիկայում: Լիրան հատել էր 2.39 ցուցանիշի շեմը դեկտեմբերի 15-ին: Այն սկսեց անկում ապրել դոլարի նկատմամբ, երբ նախագահ Էրդողանը քննադատեց ԵՄ-ին և կոչ արեց չմիջամտել այդ երկրի ներքին գործերին: «Ամենավատը դեռ Թուրքիայի դռանն է «չոքելու»»,- գրում է պարբերականը: