17/12/2014 19:10
Ի՞նչ նոր տարի. Հերթական ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքն օրվա հացի ու տաքանալու խնդիր ունի. Լուսանկարներ
«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» Facebook-յան էջում ծայրահեղ աղքատության մեջ ապրող հերթական ընտանիքի մասին է պատմվում, որն ապրում է աննկարագրելի ծանր վիճակում.
«Տիկին Հասմիկն իր 3 անչափահաս տղաների հետ բնակվում է Չարբախի մետրոյի մոտ տեղակայված անբարեկարգ տնակում։ Տունը մշտապես թաց է, խոնավ, երեխաները` քաղցած։ Երեխաները չունեն հագուստ, սնունդ, առողջ մանկություն։ Ամենափոքր տղան 2 տարեկան է, ունի վիրահատության կարիք, սակայն այս ընտանիքի ստացած նպաստը հազիվ ամսվա մի մասը սնվելուն է բավականացնում։
Տիկին Հասմիկն ասում է, որ օձերն ու առնետները մշտապես շրջում են տնակում: Միջնեկ տղան 4 տարեկան է։
Պարզապես խոսքերով նկարագրել նրանց պայմաններն անհնար է։ Խնդրվում է հավաքել այն ամենն, ինչ հնարավոր է, որպեսզի օգնենք այս ընտանիքին՝ սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ։ Առջևում Նոր տարի է, իսկ նրանք դա չհիշելով` մտածում են միայն օրվա հացի խնդիրը լուծելու և տաքանալու մասին։ Միանանք ու միասին օգնենք այս պուճուրներին»,- նշված է գրառման մեջ։