17/12/2014 18:33
ԿԲ-ն «կանաչ լույս» տվեց սպեկուլյանտներին. Դոլարը շարունակում է աճել
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասուլիս էր հրավիրել: Որևէ նոր բան, առավել ևս` հուսադրող, հաշվի առնելով այն իրավիճակը, որ տիրում է Կենտրոնական բանկից դուրս, չասվեց: Փոխարենը ոչ այնքան վստահ տոնով, բայց փորձ արվեց վստահեցնել, թե դոլարը իջնելու է, ընդ որում իջնելու է անպայման: Բայց ահա ե՞րբ` Ա.Ջավադյանը չգիտի, անգամ մոտավոր էլ պատկերացում չունի.
«Գուցե մինչև նոր տարի, գուցե ` նոր տարուց հետո»,- ասաց նա: Թերևս հարցի պատասխանը ստանալու համար դիմենք քյավառցի բախտագուշակ Վարսիկին…
Ասել է թե` Ա.Ջավադյանի այս հայտարարությունը խաղալու տեղ է թողնում բոլոր այն սպեկուլյանտներին, որոնց նա այսօր էլ հերթական անգամ հորդորեց «խելոք մնալ»: Այսինքն` ես գիտեմ, որ դոլարը իջնելու է, քանի որ որոշակիորեն այս աննախադեպ կտրուկ աճը արհեստական բնույթ է կրում ու պայմանավորված է ոմանց սպեկուլյացիաներով, բայց քանի որ ԴԵՌ չգիտեմ, թե երբ կիջնի` կարող եք շարունակել նույն ոճով: Իսկ քանի որ ժողովուրդը , ստացվում է, ավելի տեղեկացված է, քան Ա.Ջավադյանը, որ բանկային համակարգում տագնապ օպերացիան է հայտարարված ու ինչ գնով էլ լինի դոլարի հավաքագրման խնդիր կա` դեպի Ռուսաստան դոլարի արտահոսք ապահովելու ու Ռուսաստանի բանկային համակարգը ինքնասպանությունից փրկելու համար, ապաև ԿԲ նախագահի խոսքերից հետո էլ պարզ էր` դոլարի գինն աճելու է, դրամինը` արժեզրկվելու: Մեր կյանքն էլ, հետևաբար, էլ ավելի բարդանալու:
Այն պահին, երբ ԿԲ նախագահը այդ հայտարարությունն էր անում, մայրաքաղաքի փոխանակման որոշ կետերում դոլարը գնում էին 570-580 դրամով (իսկ եթե հավատանք սոցցանցերին` ապա անգամ 600 դրամով): Հայտարարությունից երեք ժամ անց առկա իրավիճակը ցույց տվեց, որ ով որ հարկն էր` հասկացավ այդ message-ը , դրա համար էլ ոչինչ չփոխվեց. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում, օրինակ, փակման գինը կազմել է 560 դրամ, իսկ Rate.am կայքի համաձայն` դոլարի առքը աճել է առավոտվա համեմատ և այս պահի դրությամբ կազմում է 550 դրամ, ինչը նշանակում է, որ բանկային փոխանակման տեղերից դուրս դոլարը շարունակում է աճել: Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ բանկերի ու իրական կյանքի միջև տատանումը կազմում է 20, 30, երբեմն էլ 40 դրամ: Իսկ այդ տարբերությունն էլ, քանի ԿԲ-ն «վստահեցնում-վստահեցնում է» խաղում, ժողովրդի կաշվից է դուրս գալիս` շարունակ թանկացումներին գումարվել է նաև որևէ մեկի կողմից չզսպվող խուճապը: