17/12/2014 13:43
Դատական նիստերն այսուհետ կանցկացվեն առանց Հայկ Կյուրեղյանի. Նա հրաժարվեց ոտքի կանգնել
Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում կրակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստերն այսուհետ կանցկացվեն առանց Հ. Կյուրեղյանի։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Հ. Կյուրեղյանը հերթական անգամ հրաժարվեց ոտքի կանգնել։
Հիշեցնենք, որ դատավորը 2 անգամ արդեն նկատողություն էր տվել Հ. Կյուրեղյանին՝ նախազգուշացնելով, որ քրեական պատասխանատվության կենթարկվի դատարանին չհարգելու համար։
«Չեմ հարգում, որովհետև սա գրպանի, խաղալիք դատարան է։ Կհարգեի, եթե լիներ ՀՀ դատարան»,- ասաց Հ. Կյուրեղյանը։
Հ. Կյուրեղյանը նաև ասաց, որ չի փոխել փաստաբանից հրաժարվելու որոշումը և դատարանը որոշեց հաջորդ նիստից ներգրավել հանրային պաշտպանի։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 14-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերոիո» մակնիշի, «21 ՕԼ 053» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տանիքին:
Նա, անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սարդարյանին պատճառելով 284.000 ՀՀ դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Այնուհետև տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին՝ սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին դասկի 2-րդ վաշտի հրամանատար Արայիկ Վիկտորի Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի աջ կեսի սալջարդ վերքի ձևով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին»։