18/12/2014 12:24
Է. Մարուքյան. Խելագարվել կարելի է, ի՞նչ է նշանակում` հացը 300 դրամ
Նախօրեին Վանաձորում դոլար-դրամ անկառավարելի վայրիվերումների ֆոնին հացի գինը հատեց 320 դրամը, ինչը հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը: Aysor.am-ի հետ զրույցում մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախօրեին այս խնդրի մասին տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:
«Ու ոչ միայն այդ հարցի հետ կապված, այլև գազալցակայանների և մյուս բոլոր հարցերով, ասել եմ, որ պետք է վարույթներ հարուցվեն ու խստորեն պետք է պատժվեն մարդիկ: Ու սա անկախ նրանից` արդեն կկայունանա իրավիճակը, թե չէ, այլ եղածի, post factum պետք է պատժել բոլորին, մեծ տուգանքներ դնել, որ հետագայում նման վայրիվերումների ժամանակ մարդիկ իրենց նման բաներ թույլ չտան»,- նշեց պատգամավորը` ավելացնելով, որ վերջին օրերին ամենակեղտոտ, անխիղճ ձևի չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել հայաստանյան շուկայում:
«Ի՞նչ է նշանակում` հացը 300 դրամ: Ու սա այն դեպքում, երբ նույն օրը երևանյան խանութներում հացը նորմալ գնով է վաճառվել, թանկացում չի եղել: Ուղղակի խելագարվելու բան է` ո՞նց կարելի է նման բան անել: Պատկան մարմինները պետք է տեղում լինեն, եթե նման բան է լինում, ուրեմն պետությունը իր տեղում չի: Ու սա է ամենազարհուրելին»,- շեշտեց նա:
Էդմոն Մարությանը նաև կարծիք հայտնեց, որ արտարժույթի շուկայում կայունացում կլինի, սակայն դոլարի փոխարժեքը 500 դրամից դժվար իջնի: Բայց խնդիրը, ըստ Է.Մարուքյանի, նրանում է, որ որևէ մեկը, այդ թվում և Կենտրոնական բանկը, այսօր չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի դաշտում:
«Կենտրոնական բանկն էլ նախօրեին միայն ասել էր, որ դրամը մի քիչ կարժևորվի, որովհետև գերարժեզրկված է: Ու որ մեր տնտեսավարողները ավելի շատ են արձագանքել այդ հանգամանքին, քան պետք էր, այսինքն` թանկացումները իրական պատկերը չեն արտացոլում: Օրինակ, նույն հացը 300 դրամ և ավելի վաճառելը արդեն չարաշահում է, քանի որ ալյուրն այդ աստիճանի չի թանկացել: Հիմնական message դա էր…. տեսնենք»,- եզրափակեց խոսքը նա: