18/12/2014 10:55
Ա. Բախշյան. Տրանսպորտի թանկացումը կնշանակի ժողովրդին պարան տանք, ասենք` գնա կախվի պրծնենք
Ըստ շրջանառվող տեղեկությունների` նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում պետք է խորհրդակցություն հրավիրվեր տրանսպորտի սակագնի փոփոխման վերաբերյալ: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ տեղյակ չէ` քննարկում եղել է, թե ոչ, բայց փաստ է, որ որոշ երթուղային գծերի վարորդներ գործադուլ են անում` Բանգլադեշում, Չարբախում: Տեղյակ չէ նաև, թե այս ամենի վերջը ինչ է լինելու, ինչ պետք է լինի, բայց.
«Ինչ ասեմ…. Մարդիկ իրավացիորեն կանգնած են, ասում են, որ չեն կարող այսպես աշխատել, բայց մյուս կողմից էլ այս պահին տրանսպորտի թանկացումը կնշանակի միայն մեկը` ժողովրդին, ամեն մեկին մի պարան տանք, ասենք` գնա կախվի պրծնենք»,- նշեց նա:
Ամենավատ տարբերակը, ըստ Ա.Բախշյանի, այն կլինի, որ դոլարի արժևորումը շարունակվի ու այդժամ անխուսափելի լինի տրանսպորտի սակագնի վերանայման հարցը: Բայց միևնույն ժամանակ այժմ անհնար է պատկերացնել, թե նման սցենարի դեպքում ուրիշ ի՞նչ լուծում կարող է առաջարկվել.
«Ես իսկապես չեմ պատկերացնում: Մի իրավիճակ է, երբ և նրանց կարելի է հասկանալ, որովհետև ամբողջ բեռը վարորդների վրա է` գազը թանկացել է, ամեն ինչ թանկացել է, այդ մարդիկ չգիտեն ինչպես աշխատեն, մյուս կողմից էլ մեր ժողովրդի համար է դժվարին վիճակ, քանի որ թանկացել է ամեն ինչ` սնունդից բռնած: Ու հիմա էլ տրանսպորտը թանկանա…. սոցիալական բում, անկայունություն կլինի, որից դուրս գալու ճանապարհները պետք է իշխանությունը փորձի գտնել: Եթե, իհարկե, կարող է, ի զորու է ու առհասարակ մտածում է ժողովրդի մասին»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց` այլապես մնում է պարան բաժանել ու կախվելու ուղին ցույց տալ: