18/12/2014 20:25
Պուտինը՝ BBC-ի թղթակցին. Մենք չենք հարձակվում, միայն պաշտպանում ենք մեր շահերը
Մենք չենք հարձակվում, մենք միայն պաշտպանում ենք մեր շահերը: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «BBC» հեռուստաընկերության լրագրողի հարցին:
«Մենք մեզ ենք պաշտպանում և մեր արևմտյան՝ հատկապես ամերիկացի գործընկերների դժգոհությունը կապված է հենց դրա հետ: Ես կբացատրեմ՝ դուք հիմա նշում եք մեր օդուժի թռիչքների մասին, իսկ գիտե՞ք, որ ՌԴ-ն 90-ականների սկզբում լիովին դադարեցրել է օդուժի թռիչքները վերահսկման հեռավոր շրջաններում: Մենք դադարեցրել ենք լիովին, իսկ ամերիկյան օդուժը միջուկային զենքով շարունակում էր թռիչքները: Ինչո՞ւ, ո՞ւմ դեմ, ո՞ւմ էին սպառնում»,- ասաց Վ.Պուտինը նշելով, որ ՌԴ-ն թռիչքները վերսկսել է մոտ երեք տարի առաջ:
«Հիմա՝ ո՞վ է սադրում: Մեր Պաշտպանության նախարարության բյուջեն տասնապատիկ ավելի փոքր է, քան Պենտագոնինը: Մենք չենք մոտեցնում մեր զորքերը երկրների սահմաններին ու մենք չենք տեղակայում ռազմակայաններ ամբողջ աշխարհում: Հիմա ո՞վ է սադրում ու լարում իրավիճակը»,- ասաց Վլադիմիր Պուտինը: