18/12/2014 14:54
Պուտին. Ուկրաինայի հարավում տեղի է ունենում Կիևի իշխանությունների պատժիչ գործողությունը
Ուկրաինայի հարավ-արևելքում իսկապես տեղի է ունենում պատժիչ գործողություն ու այդ գործողությունն իրականացնում են ուկրաինական այժմյան իշխանությունները: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ուկրաինական «Ունիան» գործակալության լրագրողներից մեկի հարցին.
«Պարոն Պուտին, ո՞վ է կրում իմ երկրի հարավ-արևելք ռուսական զինվորներին ուղարկելու ու առհասարակ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունն ու ի՞նչ կասեք դուք բոլոր այն տղաների հարազատներին, ովքե զոհվեցին այնտեղ»,- ՌԴ նախագահին հարցրեց լրագրողը:
«Մեզ մոտ՝ ՌԴ-ում, ինչպես և կամայական այլ նախագահական հանրապետությունում, ամեն ինչի պատասխանատվությունը կրում է նախագահը: Ինչ վերաբերում է զինծառայողներին, նրանց կյանքի համար պատասխանատու է գերագույն գլխավոր հրամանատարը, հիշեցնեմ՝ մեզ մոտ դա նույն մարդն է: Այն մարդիկ, ովքեր սրտի կամքով կատարում են իրենց պարտքը, ինքնակամ մասնակցում են ինչ-որ ռազմական գործողությունների, այդ թվում՝ նաև Ուկրաինայի հարավ-արևելքում, վարձկաններ չեն, քանի որ նրանք դրա համար գումար չեն ստանում»,- ասաց Վ. Պուտինը՝ շարունակելով.
«Մեր հանրության գիտակցության մեջ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հարավ-արևելքում, իսկապես պատժիչ գործողություն է, բայց այն անցկացվում է ներկայիս ուկրաինական իշխանությունների կողմից և ոչ թե հակառակը: Չէ՞ որ հարավ-արևելքի ապստամբները չէին, որ իրենց զինված միավորումներն ուղղարկեցին Կիև, այլ՝ հակառակը, հենց Կիևն է հարավ-արևելք բերել զինված միավորումներ և օգտագործել հրետանի ու ռազմական օդուժ: Ինչու՞մ է խնդիրն ու ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից՝ կփորձեմ պատասխանել նաև այս հարցին:
Խնդիրն այն է, որ պետական հեղաշրջում կատարելուց հետո, իսկ ով և ինչպես էլ անվանի կատարվածն իսկապես պետական հեղաշրջում էր, երկրի մի մասը չհամաձայնեց դեպքերի նման զարգացման հետ և նրանց հետ քաղաքական երկխոսություն սկսելու փոխարեն սկզբում սկսեցին կիրառել իրավապահ մարմիններ, հետո արդեն՝ բանակ: Երբ դա էլ չհաջողվեց, հիմա փորձում են լուծել իրավիճակը տնտեսական բլոկադայի օգնությամբ»,- ասաց Վլադիմիր Պուտինն՝ ընդգծելով, որ իր կարծիքով այս ճանապարհն անարդյունավետ ու վնասակար է Ուկրաինայի պետականության ու Ուկրաինայի ժողովդրի ապագայի համար: