18/12/2014 14:12
Վաղարշակ Հարությունյան. Մենք դեռ չունենք ինչ-որ կոնչիտաներ ու փառք Աստծո
Խորհրդային միության փլուզումից հետո ունենք մի իրավիճակ, երբ պետությունների ՀՆԱ-ն այսօր չի հասել անգամ 90-ականների ՀՆԱ-ի մակարդակին: Սա է այն պատասխանը, թե ուր պետք է գնանք, քանի որ բոլոր ցուցանիշներով արձանագրել ենք անկում` խոսքը բոլոր նախկին խորհրդային երկրների մասին է: Այս մասին «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` խոսելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին:
Ըստ նախկին նախարարի` ժողովրդավարությունը միջոց է ապահովել ազգի բարգավաճումը, բայց եթե այն տանում է փակուղի....
«Ես դեմ չեմ ժողովրդավարությանը, բայց այս բոլոր ցուցանիշները, անցած տարիները լուրջ մտածելու տեղիք են տալիս: Եվ ես կարող եմ ասել, որ այն պետությունները, որոնք այսօր հանդիսանում են եվրասիական ինտեգրման հիմքը, իրենց շուրջը կկարողանան հավաքել բոլոր այլ պետությունների` ցույց տալով այս ինտեգրման հաջողությունը տնտեսական, կրթական և ռազմական բնագավառներում»,- նշեց նա:
Վ. Հարությունյանի խոսքով` սա միակ միությունն է, որը կարող է ինքնուրույն զարգանալ, քանի որ թե տարածքով, թե ռեսուրսներով, թե մշակույթով այս միությունը բոլոր հիմքերն ունի զարգանալու համար: Ի դեպ, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելարուսի մշակույթների բազմադարյա պատմությանն անդրադառնալով՝ նա նկատեց.
«Մենք դեռ չունենք ինչ-որ կոնչիտաներ, այդ իմաստով այդքան հեռուն չենք գնացել ու փառք Աստծո»:
Թերևս ամենագլխավոր հանգամանքը, որով կարևորվում է ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, անշուշտ անվտանգությունն է: Այս կոնտեքստում Հայաստանի անվտանգությունը, ըստ բանախոսի, ապահովված է արդեն գլոբալ մակարդակում.
«Եթե վերլուծենք տարածաշրջանում առկա իրավիճակը, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանի անվտանգությունը ապահովում է միայն Թուրքիան, քանի որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է: Նույնը կարելի է ասել և Վրաստանի մասով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը հանդիսանում է ամենալրջագույն զսպող մեխանիզմը և տարածաշրջանում կայունության լավագույն գրավականը»,- հավելեց նա` ևս մեկ անգամ ողջունելով մեր երկրի ԵՏՄ-ին անդամակցությունը:
Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպությունը: