18/12/2014 14:30
Ա. Սաֆարյան. Վերջին արտարժութային զարգացումները ցույց են տալիս, որ միաբևեռ աշխարհը տեղը զիջում է բազմաբևեռին
Այսօր ընթանում է տնտեսական խոշոր պատերազմ և այս իրավիճակում մեզ հարկավոր է միավորվել: Այս մասին «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ վերջին արտարժութային զարգացումները ցույց են տալիս, որ միաբևեռ աշխարհը տեղը զիջում է բազմաբևեռին և այս կոնտեքստում անչափ կարևոր նշանակություն են ձեռք բերում ինտեգրացիոն գործընթացները:
«Հարկավոր է միավորվել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին ու առկա խնդիրներին: Ես վստահ եմ, որ ԵՏՄ-ի անդամակցությունն այդ իմաստով լավագույն պաշտպանությունն է բոլորի համար»,- հավելեց նա:
Արամ Սաֆարյանը շեշտեց, որ անդամակցության առաջին տարին առավել կարևոր է այն տեսանկյունից, որ ճիշտ իրազեկում ընթանա, ճիշտ վերլուծություններ արվեն, քանզի սխալ տեղեկատվությունը, վերլուծությունները կարող են վնաս հասցնել:
Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպությունը: