18/12/2014 13:43
Վ. Բոստանջյան. Հայաստանն առաջիկայում շատ արագ տեմպերով կհաղթահարի այդ բացասական երևույթները
«Ես բոլոր առումներով պաշտպանում եմ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Բայց պետք է մտածենք, թե որն է մեր շահը»,- «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ ողջունում է քաղաքական այդ որոշումը, քանի որ հասկանում է, որ հայ ժողովուրդը բոլոր ոլորտներում հաջողություններ է արձանագրել Ռուսաստանի հետ բարեկամության շնորհիվ.
«Հասկանում եմ նաև, որ Խորհրդային միության փլուզումից հետո արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, մտածեց, որ ամենը ավարտվեց ու միշտ զարմանում էի, թե ինչու Ռուսաստանը չի ուզում իր տեղն ամրագրել: Եվ ահա այսօր դա` ի դեմս ԵՏՄ-ի, տեղի է ունենում և ես ուրախ եմ, որ Հայաստանն անդամակցեց այդ միությանը»:
Վ. Բոստանջյանը վստահություն հայտնեց նաև, որ Հայաստանը բոլոր` գիտական, առևտրական, տնտեսական ու քաղաքական ասպեկտներով գտնվում է ԵՏՄ տիրույթում: Եվ անկախ վերջին օրերի զարգացումներից, ֆինանսական շուկայի խնդիրներից վստահ է, որ Հայաստանը առաջիկայում շատ արագ տեմպերով կհաղթահարի այդ բացասական երևույթները:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարեց, որ դինամիկ զարգացող այս աշխարհում այլ տարբերակ Հայաստանը չուներ, քան՝ ոչ թե գտնել, այլ վերադարձնել հին դաշնակիցներին:
«Լավ է, որ մենք մեր հայացքն ուղղում ենք դեպի արևմուտք նոր դաշնակիցներ ձեռք բերելու համար, բայց չմոռանանք, որ հին ընկերներն են լավագույն դաշնակիցները: Ես հավատում եմ, որ Հայաստանը ԵՏՄ-ում հաջողություններ իր համար կարձանագրի»,- նշեց նա` հավելելով, որ լուրջ անելիք կա, հատկապես անդամակցության առաջին տարում և որ ամենակարևորն է` պետք է օգնեն ԵՏՄ անդամ երկրների առաջնորդներին ճիշտ ու կշռադատված որոշումներ կայացնել:
Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպությունը: