18/12/2014 11:12
460-ից 520. Դրամը կայունանում է
Արդեն քանի օր է՝ առավոտյան թիվ մեկ քննարկման թեման շարունակում է մնալ դոլարի աննախադեպ արժևորումը, ինչը կաթվածահար է արել հանրապետության ներքին կյանքը` թանկանում է սնունդը, որոշ խանութներ ընդհանրապես առևտուր չեն անում, Երևանի ամենախոշոր «Փեթակ» մեծածախ առևտրի կենտրոնը որևէ տեսակի առևտուր չի իրականացնում, անգամ չի հանձնում նախկինում պատվեր արած ապրանքը գնորդներին. բոլորը սպասում են:
Նախօրեին երեկոյան դոլարի աճը կանգ առավ, նաև նկատվեցին անկման միտումներ: Որոշները սա կապում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության հետ, որի տողատակերում նախազգուշացում էր, որոշները` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից ասուլիսում հնչեցրած հայտարարության հետ, սակայն տնտեսագետները այս միտումը առաջնային կապում են ՌԴ-ում ռուբլու կայունացման հետ. մեկ օրվա ընթացքում` նախօրեին, 1 ԱՄՆ դոլարը 80 ռուբլիից իջավ մինչ 60, այժմ էլ այդ ցուցանիշը պահպանվում է, իսկ այսօր հարաբերական անդորր է տիրում: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ամենամյա մեծ ասուլիս է հրավիրել և ուզես-չուզես` շատերն են սպասում, թե ինչ կասի այդ մի քանի ժամվա ընթացքում վիրավոր արջի կարգավիճակում հայտնված գերտերության ղեկավարը:
Երևանյան փոխանակման կետերում նույնպես համեմատական անդորր է, դոլարի փոխարժեքը բանկերում տատանվում է, ըստ Rate.am-ի, 480-520 դրամի (առք), եվրոն` 590-640-ի (առք), ռուբլին` 7-8.40-ի:
Բայց այս ցուցանիշը դեռ չի նշանակում, որ տարադրամի հետ ցանկացած գործարք հաջողությամբ կպսակվի: Aysor.am-ի թղթակցին օրինակ ասացին, որ «Հայբիզնեսբանկում» դրամ չկա, այսինքն՝ դոլար վաճառել այս բանկում չի հաջողվի: «Ինեկոբանկում» տարադրամի փոխարժեքը` 1 ԱՄՆ դոլարը 500 դրամ, վաճառքը` 550, բայց զգուշացրել են, որ դոլար վաճառել ցանկացողները, ինչ քանակությամբ լինի, արագացնեն, քանի որ արժեզրկման միտում է առկա: Մինչդեռ երկու քայլի վրա տեղակայված փոխանակման մի կետում դոլարի առքը դեռ 530 դրամ է, իսկ մյուսում արդեն 460:
Ռուս որոշ տնտեսագետներ, սակայն, կանխատեսում են, որ Պուտինի ասուլիսից հետո դոլարի արժեվորումը այդուհանդերձ կշարունակվի: