18/12/2014 17:01
Դոլար ունեք, բերեք առնեմ. Խանութներում գնանկում դեռ չի նկատվում
Դոլարը գնալով իր դիրքերը զիջում է, սակայն խանութներում գները այդպես էլ չեն իջնում. հակառակը՝ բարձրանում են: Թանկանում են ոչ միայն սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները, այլև հագուստնն ու կոշկեղենը: Ավելին՝ հագուստը վաճառվում է միայն դոլարով: Այո, այսօր բոլորը խոսում են միայն դոլարից. մեծ ու փոքր, կին, թե տղամարդ, բոլորը մտահոգված են այս ամենից: Դոլարով են պայմանավորում անգամ հացի թանկանալը, տրասնպորըն ու հագուստեղենը, անգամ՝ «կանաչու» թանկանալը….
Aysor.am-ի նկարահանող խումբը որոշեց փոքր հետաքննություն անցկանել, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված այն հանգամանք, որ դոլարի իջնելուն զուգահեռ՝ խանութներում գները բարձրանում ու բարձրանում են:
Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող խանութներից մեկը մտնելով՝ պարզեցինք, որ նոր ներկրված հագուստի գինը նշված չէ. ոչ միայն նշված չէ, այլև՝ որոշված չէ. «Գինը դեռ նոր պետք է որոշենք. հավանաբար կարժենա 13-14 հազար դրամ: Հենց նոր եմ եկել արտասահմանից ու ապշած եմ գներից»,- ասաց խանութի տնօրենը:
Երբ հետաքրքրվեինք, թե ինչն է պատճառը, կրկին լսեցինք ծեծված պատասխանը. «Դոլարը»…
Երբ հակադարձեցինք, որ դոլարն արդեն դիրքերը զիջում է, խանութին տնօրենը շարունակեց. «Ազիզի ջան, մենք էս մախինացիաներին սովոր ենք: Դոլարը 580 դրամից պակաս չի լինելու: Իջնում ա, նորից բարձրանալու է: Իսկ մենք առևտուրը դրսում դոլարով ենք անում: Դոլար ունե՞ք, բերեք առնեմ, իջել ա, բայց չեն վաճառում, խաբում են»,- ասաց նա:
Տարադրամի փոխանակման կետերում ևս եռուզեռ էր: Այստեղ «զեղչ» էր հայտարարվել դոլարի նկատմամբ: Հիշեցինք 90-ականների դոլար առնել-վաճառելը, որը ժամանակի խոշորագույն բիզնեսներից մեկն էր համարվում: Երբ հետաքրքրվեցինք՝ կարող ենք դոլար գնել, «չենջի» աշխատակիցը դրական պատասխան տվեց....
Հ.Գ. Փոխանակման կետերից մեկում նկատեցինք «Փարվանա» կրեդիտ ՈՒՎԿ գրությունը: Լուրեր են շրջանառվում, որ «Սիթի» սուպերմարկետների ցանցերում քաղաքացիներին վարկեր են տրամադրում: Եվ քանի որ, հայերի մոտ ընդունված ավանդույթ է վարկով Նոր Տարի դիմավորելը, խանութներում հերթեր են գոյանում: Հավանաբար այդ փոխանակման կետում ևս վարկեր էին տրամադրում…