18/12/2014 11:01
Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության հարցը` Կառավարության նիստում
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը: Խոսքը ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման մասին է:
Ըստ այդմ` հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և նպատակ ունենալով նպաստել սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավմանը` կառավարությունը վաղը որոշում կկայացնի հաստատել սոցիալական աջակցություն ստացող սահմանմերձ համայնքների ցանկը, հաստատել նաև սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը:
Բացի այս, որոշման նախագծում առկա է առաջարկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը 2015 թ-ի հունվարի 1-ից մինչև 2015 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, ապա առաջարկն այս ընկերությանը հետևյալն է` 2015 թ-ի հունվարի 1-ից մինչև 2015 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի քանակությունների համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի քանակությունների համար կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Կառավարությունը կսահմանի, որ`
ա) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման հավելված 1-ով հաստատված սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից:
բ) ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Սահմանամերձ համայնքների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: