18/12/2014 13:59
Վարորդների պահանջը. «Չոբան հաշվարկներով ուղեվարձը՝ 300 դրամից ոչ պակաս»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղ առավոտից կաթվածահար էր եղել քաղաքային տրանսպորտը: Մի խումբ երթուղային գծերի վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով լուծում տալի իրենց խնդիրներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարեց, որ այսպես աշխատել վարորդներն այլևս չեն ուզում: Նրա խոսքով՝ կոպիտ հաշվարկները ցույց են տվել, որ տրանսպորտի թանկանցման դեպքում ուղեվարձը կկազմի մոտ 300 դրամ: Դրա մի մասը՝ 200 դրամը, պետք է վճարի ուղևորը, իսկ 100-ը՝ պետությունը:
Այլ հարց է՝ պետությունը կհամաձայնի, թե՞ ոչ:
Եղիազարյանի խոսքով՝ եթե բոլորն առիթից օգտվում են, ու ամեն ինչ թանկացնում, ինչո՞ւ այդ առիթից չպետք է օգտվեն նաև վարորդները, ովքեր ուզում են պաշտպանել սեփական իրավունքները:
Հ. Եղիազարյանը հավելեց նաև, որ բազմիցս վարորդները գրավոր և բանավոր Կառավարությանն են դիմել, բայց որևէ արձգանք այդպես էլ չի եղել: Մասնակցել են անգամ ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին: «Կառավարությունն ու քաղաքապետարանը ոչինչ չեն ձեռնարկում, իսկ կապի և տրանսպորտի նախարարությունը ստանձնել է միայն կոորդինատորի դերը: Նախորդ տարի՝ դեկտեմբեր ամսին, անկախ իսպանական կազմակերպությունն աուդիտ իրականացրեց և հաշվարկեց, որ տրանսպորտի սակագինը նեղ հաշվարկներով կազմում է շուրջ 250 դրամ: Հիմա այս թանկացումներն ազդել են նաև մեզ վրա: Մենք թեև վերջանահաշվարկ չենք իրականացրել, բայց համոզված ենք, որ ավելի բարձր սակագին է կազմելու: Մեր չոբան հաշվարկներով՝ տրանսպորտի սակագինը կազմում է 300 դրամից ոչ պակաս»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեև գործադուլին մասնակցում են ոչ բոլոր վարորդները, բայց հարցը չլուծվելու դեպքում ոտքի կկանգնեն բոլոր վարորդները:
Ըստ նրա՝ հարցի լուծման երկու ճանապարհ կա. «Կա՛մ իշխանությունները հրավիրում են ու մեզ ժամանակավորապես ֆինանսավորում՝ մինչև խնդրի գլոբալ լուծումը, կա՛մ էլ՝ մենք չենք աշխատում, ինչ ուզում են թող անեն»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր տրանսպորտը կաթվածահար արեցին վարորդները՝ սեփական նախաձեռնությամբ:
Խոսելով գծերի օրավարձերից, իսկ դրանք սովորաբար տարբեր են լինում՝ Եղիազարյանը նկատեց, որ ոչ միայն ինքը, այլև վարորդներն են դեմ դրան, սակայն «պլանները» իջեցնելու այլ տարբերակ չկա: «Մարդիկ ո՞նց իջեցնեն, երբ ամեն ինչ թանկացել է: Սկսած 2008 թվականից՝ ընկերությունները աշխատում են ծայրը ծայրին հասցնելով, մինուսով: Ընկերություններ կան, որոնք լուծարվել են արդեն, ընկերություններ էլ կան, որոնց նկատմամբ դատական հայց է ներկայացվել: Մի մասը սնանկ է ճանաչվել և նրանց գույքն ու ունեցվածքը բռնագրավված է: Այսպես շարունակելն այլևս անհնար է»,- ասաց նա:
Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե վարորդները պատրաստվում են հավաքվել Կառավարության շենքի մոտ, սակայն նրանք այդպես էլ չհավաքվեցին: Aysor.am-ի տեղեկություններով՝ հարցը կարգավորվում է. «Վերևներից հարցը լուծում են ղեկավարության հետ»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը: