18/12/2014 16:28
«Դայմոնդ» գիշերային ակումբում ծեծել են ֆիննախի ստուգողներին. Pastinfo.am
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում գործող «Դայմոնդ» գիշերային ակումբում ծեծել են ֆինանսների նախարարության ստուգողներին։
«Փաստինֆոյի» աղբյուրների փոխնացմամբ՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 4 աշխատակիցները գնացել են Մարտունի քաղաքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբ՝ ստուգելու ակումբի գործունեության օրինականությունը, սակայն ակումբի սեփականատերերի և նրանց միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ուղեկցվել է ծեծկռտուքով: Արդյունքում կողմերը դիմել են իրավապահներին:
Ֆիննախի աշխատակիցներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս նշված ակումբում սեփականատեր ներկայացած Մհեր Դավթյանը և մեկ այլ անձ վիճաբանություն են հրահրել, ապա՝ փակել ակումբի դրսի դուռը և ծեծել նրանց։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ծեծվածների թվում են վարչության օպերատիվ հետախուզության երեք օպերլիազոր, ինչպես նաև՝ նրանց բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանը։
Ոստիկանություն է դիմել նաև Մհեր Դավթյանը։ Վերջինս էլ բողոքել է, թե Ռուսլան Գրիգորյանն է իրեն ծեծել՝ վարսավիրանոցում։
Նրանց բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։