19/12/2014 16:45
Հովհաննես Իգիթյան. Պուտինը խուսափում է խոսել Հայաստանի մասին
«Պուտինը խուսափում է խոսել Հայաստանից, որովհետև այսօր Ռուսաստանի միջազգային մեկուսացման պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են Կրեմլի համար». - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:
Հ. Իգիթյանը կարծում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցը ռուսական կողմը համարում է լուծված, քանի որ մենք առանց որևէ դիմադրության երկարաձգեցինք ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը:
Թուրքիան ու Ռուսաստանը, նրա կարծիքով, լուրջ սիրախաղ են սկսել իրար հետ, և այս ամենը ավելի է նմանվում «Լենին-Քեմալ» խաղին:
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ ինտեգրմանը՝ Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ պետք է լսել, հետևել Լուկաշենկոյի հայտարարություններին:
Վերջինիս ուղերձների հիմնական ասելիքն, ըստ Իգիթյանի, այն է, որ ռուսական տնտեսությունը հիվանդ է, ու սրան ականջալուր պետք է լինի նաև հայկական կողմը՝ փորձելով Ղազախստանի և Բելառուսի նման գտնել այլընտրանքային շուկաներ: