19/12/2014 16:53
ԲՀԿ պատգամավորը` վարչապետի մասին. Մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է
«Կենտրոնական բանկը կարող էր իր հայտարարություններն աներ ավելի շուտ, մինչև շոկային իրավիճակի ձևավորումը, բայց չարեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված բարդ իրավիճակին:
Ըստ պատգամավորի` դոլարը ոչ թե դուրս էր բերվում, այլ դոլարը վճարման միջոցից վերածվել էր ապրանքի` այն ձեռք էին բերում ու պահում.
«Արդյունքում դոլարը շուկայում այնքան քչացավ, որ բանկերը, արտահանողները ու շարքային քաղաքացիները այն պահեցին, ինչն էլ հանգեցրեց սպեկուլյատիվ իրավիճակի»:
Դոլարի արժևորումը նա կապեց այն իրավիճակի հետ, որում հայտնվել է Ռուսաստանի տնտեսությունը: Այնուհետ ասաց, որ քանի որ Հայաստանի տնտեսության իմունիտետն էլ ցածր է, կարևորեց այն համապատասխան դեղերով բուժելը ու իմունիտետը այդ ճանապարհով բարձրացնելը, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել լուրջ բուժման:
«Մեր երկրին անհրաժեշտ է ոչ թե կոսմետիկ կամ հատվածային, այլ՝ արմատական ու խորքային փոփոխություն»,- շեշտեց նա:
Բանախոսը նկատեց, որ Հայաստանում դասական տնտեսագիտական կանոններով հարցերը, ցավոք, չեն լուծվում, այլ լուծվում են չգրված օրենքներով: Նաև ակնարկեց, որ եթե ՀՀ վարչապետը նախօրեին անակնկալ շրջայց չկարարեր մայրաքաղաքի խանութներում, և նրա փոխարեն դա աներ մեկ այլ նախարար, ապա արդյունքն այնպիսին չէր լինի, ինչպիսին եղավ:
«Մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է»,- իր բացատրությունը տվեց Մ.Մելքումյանը: