19/12/2014 18:14
Թ. Պողոսյան. Դոլարի կուրսը կկարգավորվի, բայց գնաճը կմնա
Տնտեսությունը շատ հարցեր է լուծում քաղաքականության մեջ, իսկ ստեղծված իրավիճակը սպեկուլյացիայի արդյունքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով կանխատեսումներին՝ պատգամավորը նկատեց, որ թեև կանխատեսվում էր նման բան, բայց որ այսպիսի աժիոտաժ կառաջանար, կանխատեսել հնարավոր չէր:
«Իշխանությունները պետք է ոչ միայն կարգավորեն այս խնդիրը, այլև՝ հստակ սցենարներ գծագրեն, որպեսզի հետագայում նման բան չկրկնվի: Ակնկալիքների մասով այս ամենը շոշափելի էր, սակայն այսպիսի ընթաց ոչ ոք չէր կանխատեսում»,- ասաց նա՝ շարունակելով, որ իշխանությունները սպեկուլյանտների համար պետք է հստակ պատժամիջոցներ ու համապատասխան արձագանք հնչեցնեն:
Անդրադառնալով գնաճին՝ պատգամավորը նկատեց, որ թեև դոլարի կուրսը կկարգավորվի, գուցե շուկայականի մակարդակով, բայց ինչքան էլ կառավարությունը փորձի գնաճը զսպել, այնուամենայնիվ, գնաճ ունենալու ենք:
«Փորձը ցույց է տվել, որ երբ ապրանքի գներն աճում են, հետո շատ դժվարությամբ են նվազում»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը տիրապետում են իրավիճակին և սկսել են կիրառել գործիքներ և կան խոստումներ, որ կպատժվեն բոլորը:
Ինչ վերաբերում է խանութներ կատարած վարչապետի շրջայցին, պատգամավորը նկատեց, որ դրանում ոչ մի վատ բան չկա, հակառակը նա ողջունում է այդ քայլը: «Կրիզիսային վիճակներում նորմալ է: Բայց վարչապետը ոչ միայն այդպիսի իրավիճակներում պետք է այցելի խանութներ, այլև միշտ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատավում երկրում»,- ընդգծեց պատգամավորը, սակայն նկատեց՝ երբ վարչապետը գազալցակայաններում էր, այդ ժամանակ գներն իջեցրել էին, իսկ հետո գները նորից բարձրացան:
Ըստ պատգամավորի՝ հունվարի վերջին գուցե կրկին նմանատիպ տատանում լինի շուկայում, բայց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այսպիսի իևրավիճակում չհայտնվեն:
Ասուլիսին մասնակից ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ կարծիք հայտնեց, որ գնաճը բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության վրա: «Պարզապես մեր հասարակությունը ունակ չէ դա հաղթահարելուն և խուճապի մատնվեց: Մեր մենթալիտետն է, անընդհատ կառավարությանը և իշխանությանն ենք մեղադրում, բայց կան հազարավոր խանութների տերեր, որոնք առանց հիմնավորումների աչքաչափով գներ են բարձրացնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ առհասարակ խուճապը հայերի մոտ համազգային բնույթ ունի: «Պետք է կարողանանք ամեն ինչ գրագետ կազմակերպել, որպեսզի այսպիսի դեպքերում խուճապ չառաջանա: Պետք է ոչ միայն գրագետ ապրել, այլև բյուջեն գրագետ օգտագործել«,- հավելեց նա:
Պատգամավորը հորդորում է, որ ՏՄՊՊ-ն շատ ավելի խիստ վերահսկողություն իրականացնիԼ Ինչ վերաբերում է վարչապետի այցին, պատգամավորը ընդգծեց, որ այդ այցը կոնկրետ հետևանքներ կունենա: