19/12/2014 17:11
Թևան Պողոսյան. ԵՏՄ-ն որպես կառույց չի կայանալու
Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ հենց սկզբից էլ բացասական միջավայր էր ստեղծվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա կարծիքով, սակայն, դա ժամանակավոր բնույթ է կրում, և վաղ թե ուշ մեր հասարակությունը կհամակերպվի այդ մտքի հետ: Նա վստահ է, որ ԵՏՄ անդամակցությունը ճիշտ տարբերակ էր: «Միությունը, որը դեռ պետք է կայանա, ինչ-որ ձևով կկարողնա հաստատել իրեն»,- ասաց նա:
Հանրապետական պատգամավորը դրական է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ գագաթաժողովին: Կ. Աճեմյանի կարծիքով՝ դա փաստում է այն, որ Հայաստանն ուզում է հարաբերությունները ոչ միայն ամրապնդել, այլ նաև խորացնել իր եվրոպացի գործընկերների հետ:
«Պատահական չէ, որ աընդհատ խոսվում է, որ Հայաստանն ուզում է վարել բազմավեկտոր քաղաքականություն: Մենք այսօր էլ շարունակում ենք համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ, իսկ նախագահի այցը, փաստորեն, ապացուցում է այն, որ Հայաստանը ոչ միայն համագործակցում, այլ խորացնում է այդ հարաբերությունները: Նախագահի մասնակցությունը ԵԺԿ գագթաժողովին ապացուցում է, որ բոլոր ուղղություններով համակարգային մոտեցումներ են մշակվում: Ես համոզված եմ, որ բոլորը դա նկատում են»,- ասաց նա՝ նշելով, որ վերջապես դա նկատում են նաև մեր եվրոպացի գործընկերները, ովքեր ընդունում ու հասկանում են Հայաստանի վարած քաղաքականությունը: Պատգամավորը համոզված է՝ հետագայում ևս ԵՄ կաջակցի Հայաստանին:
Ի տարբերություն Կ. Աճեմյանի՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հակված չէ մտածելու, որ ԵՏՄ-ն, որպես կառույց, մոտ ապագայում կկայանա: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն ինչպես կա, այնպես էլ մնալու է: «Այդ կառույցն իր տնտեսական հնարավորություններով ու արժեհամակարգով շարժվելու տեղ չունի, իսկ ԵՄ հետ պետք է միանշանակ հարաբերությունները պահպանել: Ես դա ողջունում եմ, ոչ թե նրա համար, որ դա եվրոպական կողմն է, այլ որովհետև Հայաստանի համար կլինի միակ ու ճիշտ ճանապարհը»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով, ի տարբերություն ԵՏՄ անդամակցության, ԵՄ հետ համագործակցությունը այսօր էլ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանն, ապա նրա խոսքով, եթե այս տեմպերով շարունակենք, այդ անդամակցությունն այդպես էլ թղթի վրա կմնա:
Կ. Աճեմյանն էլ իր հերթին հակադարձեց՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցությունը թղթի վրա չի մնա. «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի ուզում իր հարաբերությունները խորացնել ԵՄ հետ»: