19/12/2014 15:57
«Ռազմաբազաների մասին չխոսելով՝ պետք է հասկանանք, որ Պուտինը չի մտահոգվում Հայաստանով»
ՌԴ նախագահ Պուտինի ասուլիսները «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լսում է ոչ թե հաճույքով, այլ շատ ուշադիր: Ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ նա գտնում է, որ այդ ասուլիսների ժամանակ խոսում է Հայաստանի դաշնակից երկրի նախագահը, ով տարածաշրջանում և աշխարհում ամենամեծ չափերով երկիրն է ղեկավարում:
«Խոսում է մի երկիր, որը նաև հետագայում մեծ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Այդ ասուլիսների ժամանակ պետք է հասկանանք ու գիտակցենք, թե ինչ կարելի է քաղել այդ ամենից»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին կամ ինչու ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը չխոսեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներից, Թ. Պողոսյանը, հակադարձելով իշխանական թեևի ներկայացուցչին, կարծիք հայտնեց, թե Պուտինը ոչ միայն չպետք է մոռանար այդ մասին խոսել, այլ պարտավոր էր:
«Եթե նա Հայաստանին իսկապես ընկալում ու համարում է ռազմավարական գործընկեր, ապա պետք է խոսեր»,- հակադարձեց նա՝ նշելով, սակայն, որ նորմալ է համարում, երբ երկու երկրներ ուզում են իրենց հարաբերությունները կառուցել այս կամ այն շահերից ելնելով: «Մեր խնդիրը պետք է լինի այն, թե այդ լավ կամ վատ հարաբերությունների մեջ Հայաստանն ինչպիսի դերակատարում է ստանձնելու: Հայաստանը պետք է անի այն ամենը, որպեսզի այդ հարաբերություններից ոչ միայն չտուժի իր հարաբերությունները, այլև՝ շահի»,- հավելեց պատգամավորը:
Թ. Պողոսյանը ընդգծեց նաև, որ Հայաստանն այս ամենից ելնելով պետք է հասկանա, որ ժամանակն է, որպեսզի առաջնորդվի բացառապես սեփական շահերով: «Պուտինը խոսելու է այնպես, ինչը բխում է ռուսական շահերից: Այլ հարց է, թե Հայաստանն ինչ է ուզում: Եվ ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կոշիկների մեջ ու ասի, թե ինչ է ուզում: Ռազմաբազաների մասին չխոսելով՝ պետք է հասկանանք, որ նա չի մտահոգվում Հայաստանով»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով, որ եթե այսպես շարունակվի, և Հայաստանն առաջնորդվի, այսպես ասած, Ռուսաստանի մտածելով, ապա դա չի բխում իր շահերից: Նա համոզված է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններից Հայաստանը մինչ այժմ ոչինչ չի շահել: «Հայաստանի համար մինչ այժմ դրական ոչինչ չի եղել: Եվ Հայաստանը ոչ թե պետք է մտածի, թե Ռուսաստանն ինչ խոսեց, այլ հակառակը՝ ինչ մեսիջներ են թաքնված այդ խոսքում, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկի»,- ասաց Թ. Պողոսյանը:
Նա ընդգծեց նաև, որ այս ամենից Հայաստանը պետք է միայն դասեր քաղի: Իսկ, թե ինչու Պուտինը չխոսեց Հայաստանի մասին, դա պետք է լինի մեր դիվանագիտության խնդիրը: «Հայաստանի դիվանագիտության խնդիրը պետք է լինի կռահել, թե որն է լինելու Ռուսաստանի հաջորդ քայլը: Իսկ առհասարակ Հայաստանը չպետք է մտագովի, թե ինչու Ռուսաստանն իր մասին չի խոսում: Ես շատ ավելի ուրախ կլինեմ, եթե Ռուսաստանը Հայաստանի ճակատագրով չմտահոգվի: Մենք միայն այդ դեպքում մեր ճանապարհով կքայլենք»,- հավելեց նա: