19/12/2014 15:14
Կ. Աճեմյան. Հայաստանը պետք է օգտվի ռուս-թուրքական հարաբերություններից
Հայաստանը պետք է օգտվի ռուս-թուրքական հարաբերություններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Պուտինի տարեկան ասուլիսին, որտեղ վերջինա անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ ինքն անձամբ ամեն անգամ շատ ուշադիր ու մեծ հաճույքով հետևում է ՌԴ նախագահի տարեկան մամլո ասուլիսներին և գտնում է, որ դրանում հնչեցված պատասխանները փաստում են կայացած ու խարիզմատիկ քաղաքական գործչի մասին:
«Դիտարկել, այդ հարաբերությունները այնպես, որ մեր դաշնակիցը չպետք է առնչվի ու շփվի այլ պետությունների հետ, թյուր կարծիք և շատ պրիմիտիվ մոտեցում է»,- շարունակեց պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը կարողանա այս ամենից միայն օգուտներ քաղել, դա շատ ավելի լավ ՝ միայն իր համար:
«Պետք է այնպես անել, որ հետագայում այդ հարաբերություններում նաև մեր հարցը լուծվի: Եթե մենք կարողանանք այնպես անել, որպեսզի մեր դաշնակից Ռուսաստանը պաշտպանի մեր շահը, այդ հարաբերությունները շատ ավելի արդյունավետ կլինեն հենց մեզ համար»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Պուտինը չխոսեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին և հարցը շրջանցեց, պատգամավորը նկատեց. «Նա ոչ թե մոռացավ կամ չցանկացավ խոսել, այլ պարզապես նպատակահարմար չգտավ այդ մասին խոսել: Հավանաբար չկարևորեց դա»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե դա չի նշանակում, որ այդ քայլով Ռուսաստանի վերաբերմունքը փոխվել է Հայաստանի նկատմամբ կամ Հայաստանին այլևս դաշնակից չի ընդունում:
Կ. Աճեմյանը հիշեց, որ մի քանի օր առաջ ևս աղմուկ էր բարձրացել, թե Աստանայում ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը չի վավերցվելու, այնինչ հակառակ գործընթացը եղավ:
Նախօրոք կանխագուշակել և բացասական ելքեր որոնել Հայաստանի համար պատգամավորն անիմաստ է գտնում: «Աշխարհում, այո, շատ մեծ վերադասավորումներ են տեղի ունենում, և դա այս կամ այն կերպ անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Ամբողջ ասուլիսի ընթացքում Պուտինը պարզ տեքստով հայտարարեց, որ այս ամենի նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանի սուվերենությունը չխախտվի: Նա հստակ նաև ասաց, որ թույլ չի տալու Ռուսաստանի դիրքերը խարխլվեն»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ եթե հակառակ գործընթացը լինի ՌԴ նախագահի վերաբերմունքը մի փոքր այլ կլինի:
«Հայաստանն, իհարկե, Ռուսաստանի նման հզոր ռեսուրասներ ունեցող երկիր չէ, բայց պետք է կարողանա պաշտպանել իր ազգային շահերը, իսկ Ռուսաստանի հետ դաշնակից լինելը միասյն կնպաստի դրան»,- ամփոփեց պատգամավորը: