19/12/2014 17:45
Հ. Մարգարյան. Ընտրական օրենսգրքում բարեփոխումների նախագիծը պատրաստ է, առանցքը 100 % համամասնական ընտրակարգին անցնելն է
Ընտրական օրենսգրքում բարեփոխումների նախագիծը արդեն պատրաստ է և դրա առանցքը 100 % համամասնական ընտրակարգին անցնելն է, ինչպես նաև ընտրացուցակները հրապարակելը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ աշնանային նստաշրջանի սկզբից ՕԵԿ-ը նախաձեռնել է, որ ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծվի:
«Քվեարկությունը գաղտնի է, բայց քվեարկության մասնակցությունը գաղտնի չի և բոլոր վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության ընթացքը նկարահանել, դրանից էլ կերևա, որ ընտրողը ստանում է քվեաթերթիկ: Հաջորդ հարցն այն էր, որ արգելենք նույն համայնքում տարբեր վարչական շրջաններում ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների տեղափոխությունը, ասենք, Երևանի մեջ ընտրողին հնարավորություն ընձեռվի դուրս գալ Կենտրոն տեղամասից և գնալ Էրեբունի»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ իրենք փորձում են կարգավորել նաև գրիչների հարցը, քանի որ հաճախ դրանով է բացահայտվում, թե ով ում օգտին է քվեարկել, բացի այդ, երբեմն ընտրողներին գրիչ են տալիս ու անգամ ասում, որ այն տեսանկարահանող սարք ունի վրան:
«Այսօր կարևոր է, որ բոլորս համատեղենք մեր ուժերը: Պետք է ճշտենք՝ բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի, կո՞ղմ են դրան: Արդեն ՕԵԿ, ԲՀԿ-ն ու Ժառանգությունը ստորագրել են, իսկ ՀԱԿ-ը մասնակցել է աշխատանքներին»,-ասաց նա: