19/12/2014 17:00
Հովհաննես Մարգարյան. Տանեինք օրենքը ռախշայով լվանայի՞նք
Անթույլատրելի է, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման մեր քաղաքացիների գույքի նկատմամբ կալանք է իրականացնում և բռնագրավում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և փոփոխություններ կատարելու մասին» ՕԵԿ նախագծին, որը քվեարկության է դրվել և չի անցել:
«Մենք այդ նախագծով փորձում էինք վերացնել մեր բազմաթիվ քաղաքացիների ոտնահարված իրավունքները, քանի որ առանց դատարանի որոշման չի կարելի մարդուն զրկել իր սեփականությունից»,- ասաց Հովհ. Մարգարյանը:
Նրա խոսքով՝ գնալով ավելանում են ԴԱՀԿ-ի պատերի տակ մարդկանց թիվը և վիճակն էլ խորանում է:
«Մենք ստորագրություններ են հավաքել և պետք է դիմում ներկայացնենք Սահմանադրական դատարան: Հաճախ քաղաքացիները, որոնք արտագաղթի ճանապարհն են բռնել, արտերկրում իմանում են, որ իրենց գույքի վրա կալանք է դրվել: Հասցեները կոտորակով են գրում և եթե ասենք Տերյան փողոցի 14 հասցեում իրավախախտում են արել, գույքը դրվել է կալանքի տակ, Տերյան 14/1 հասցեի մարդը այնտեղից ուզում է գործարք անի, չի կարողանում: Հիմա պետք է գա հասնի, մտնի դատարան, որ այդ հարցերը պարզաբանի, իսկ վճարելուց հետո էլ մի քանի ամիս չարչարվում են, որ գույքը կալանքից հանեն»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ քվեարկության ժամանակ այն չանցավ՝ Հովհ. Մարգարյանը պատասխանեց. «Բոլորն էլ հոգու խորքում ասում էին, որ ձեր նախագիծը ճիշտ է, բայց հոգու խորքում կողմ լինելով՝ դեմ քվեարկեցին, ասում էին՝ փնթի է: Ի՞նչ անենք՝ տանենք օրենքները քիմմաքրմա՞ն, թե՞ ռախշայով լվանանք, նոր բերենք: Երկու ամիս առաջ այդ նախագծին կողմ էին քվեարկել, ասում էին՝ շատ լավն է, և եթե մի տառ փոխեինք, կարող էին ասել, մենք այն նախագծին էինք կողմ քվեարկել»: