19/12/2014 19:32
Սեյրան Օհանյանը սպաներին հանձնեց բնակարանների բանալիները
Այսօր շահագործման է հանձնվել Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում կառուցված հերթական բնակելի շենքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հավելելով, որ այ կառուցվել է պաշտպանության նախարարության միջոցներով և նախատեսված է սպաների և նրանց ընտանիքների համար:
Բնակարանամուտի արարողությանը ներկա է գտնվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորել է սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարն ընդգծել է նաև, որ Տավուշի մարզում ևս 50 ընտանիք առաջիկայում կապահովվի բնակարաններով:
Նախարար Օհանյանը հանդիպում է ունեցել նաև 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թ. աշխատանքներն ու քննարկվել հետագա անելիքները:
Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին: Պաշտոնյաները հետաքրքրվել են նաև զինվորների առօրյայով ու կենցաղային պայմաններով:
Տավուշի մարզում նախարարի շրջայցն ամփոփվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել են 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը: