19/12/2014 17:58
Սմբատ Ցականյանի մայր. Թող իմ որդու գերեզմանին նրանց էլ նույն կերպով սպանեն
Ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ տիկին Կարինեն, դիվերսանտների համար որպես արդար պատիժ միայն իր որդու նման նրանց սպանելն է համարում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Կարինեն:
«Թող իմ որդու գերեզմանին նրանց էլ նույն կերպով սպանեն, թե չէ ինչ եմ անում ցմահ ազատազրկումը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Օրեր անց ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից: