20/12/2014 14:25
«Հայ մայրեր» ՀԿ նախագահ. Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը պետք է ստանան աջակցություն
«Մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն է. ոլորտում, որպես միջազգային գործընկեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ին հավասարը չկա: Նախ, որովհետև կա ճիշտ մոտեցում առհասարակ հաշմանդամության խնդրին, ինչպես նաև ճիշտ մոտեցում գործընկերների հետ փոխհարաբերությունների հարթությունում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը :
Նշենք, որ նախօրեին ՅՈՒՆԻՑԵՖ-ը մեծ հանդիսավորությամբ նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը` իր տոնակատարությանը մասնակից դարձնելով բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հետ համագործակցության արդյունքում այդչափ կարևոր արդյունքներ է արձանագրել մեր երկրում:
Ն. Մանուկյանի խոսքով` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը չափազանց օգնում է տեղական կազմակերպություններին, քանի որ երբ տեսնում ես, որ դիմացինդ ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք լուծման կարիք ունեն, ինքդ էլ ձգտում ես հասնել այդ մակարդակից: Իսկ դրանից էլ, բնական է, շահում է հասարակությունը:
«Կոնկրետ խոսելով հաշմանդամության ոլորտից՝ կարող եմ ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նմանը չկա, անկեղծ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շատ մեծ հարթակ է ձևավորում Հայաստանում` երեխաների իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության ու նաև իրազեկման իմաստով»,- նշեց նա:
Հարցին` ի՞նչ ծրագրեր են նախատեսում իրականացնել այդ ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ- ի հետ համագործակցության շրջանակում 2015թ-ին, Ն.Մանուկյանն ասաց, որ ուշադրության կենտրոնում են պահելու հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին աջակցության խնդիրը:
«Ինձ համար ամենակարևորը դա է, դա իսկապես լուրջ խնդիր է: Եվ մենք ունենք ընդհանուր ծրագիր, որը միտված է հոգեբանական աջակցություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին»,- տեղեկացրեց ՀԿ նախագահը: Վերջինիս խոսքով` եթե մայրիկը առողջ է, ինքնահաստատված է և հստակ գիտակցում է խնդիրն ու իր առջև դրված խնդիրը, ապա հավանականությունը շատ ավելի մեծ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող երեխան ավելի ինտեգրված կլինի հասարակության և այլևս խնդիր չենք ունենա, որ երեխան մեծանալուց հետո անցնի բոլոր խնդիրների ու դժվարությունների միջով.
«ՅՈՒՆԻՍԵՖ հստակ գիտակցում է այդ խնդիրը և փորձ ունի, քանի որ որոշ պետություններում այս ծրագիրը հաջողությամբ իրականացվել է` զարգացած պետություններում նման աջակցություն մայրիկներին տրվում է անմիջապես երեխայի ծնվելու պահից ու մեկ-երկու տարի անց մայրիկը արդեն հստակ գիտակցում է խնդիրն ու մարտահրավերը և ապրում լիարժեք կյանքով»,- նշեց նա` ավելացնելով, որ այդ խնդիրը Հայաստանում, ցավոք, շատ սուր է դրված, թերի է ու նույնիսկ անտեսված: Այնպես որ եթե հնարավոր լինի իրականացնել այդ ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, թեկուզ սկզբնական շրջանում «Հայ մայրերի» հիման վրա և դա դառնա պիլոտային ծրագիր, ապա, հավելեց Նարինե Մանուկյանը, ինքը կհամարի, որ 2015թ-ի ընթացքում թերևս ամենամեծ ձեռքբերումը հենց դա կլինի:
Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 8 000 երեխա, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաշվարկներով` այս թիվն իրականում ավելի բարձր է: