20/12/2014 14:42
Վրացագետ. Հայաստանը պետք է ակտիվ լինի վրացական ուղղությամբ
«Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը նպատակ ունի ավելի սերտացնել Թուրքայի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ Վրաստանը առաջին հերթին առաջ է շարժվելու իր ազգային շահերից, սակայն Թբիլիսին ցանկանում է հավասարակշռել Թուրքիայի և Ադրբեջանի ներդրումները իր երկրի տարածքում և խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ:
«Վրաստանի թիվ մեկ հարկատուն այս պահին SOCAR ադրբեջանական ընկերությունն է»,- նշեց Վ. Այվազյանը:
Իր հերթին Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Ռուսաստանը նոր ռազմավարական պայմանագիր է ստորագրել Աբխազիայի հետ, քանի որ Վրաստանը ավելի է սերտացնում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
«Հայաստանը պետք է ակտիվ լինի վրացական ուղղությամբ, այդ թվում ավարա-կախեթական ճանապարհի կյանքի կոչման ուղղությամբ»,-նշեց Ջ.Մելիքյանը:
Ջ.Մելիքյանը հավելեց, որ Վրաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է և դիվանագիտական աշխատանքը վրացական ուղղությամբ պետք է ակտիվացնել: