20/12/2014 13:24
Վ. Այվազյան. Վրաստանի և Հայաստանի անդամակացությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում
«Հայաստանը իր կենսական անհրաժեշտության խնդիրները լուծում է մեր երկու հարևանների` Վրաստանի և Իրանի շնորհիվ: Վրաստանը մեզ համար բարեկամ երկիր է և հայ-վրացական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները բավականին ակտիվացել են վերջին տարիների ընթացքում:
«Երկու իշխանությունների միջև սկսվել է աննախադեպ փոխշահավետ փոխգործակցություն»,- նշեց Վ. Այվազյանը:
Պատգամավորն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ, ինչը տալիս է իր դրական արդյունքները:
«Վրաստանը ազգությամբ հայերի համար լուրջ պայմաններ ստեղծող երկիր է: Մենք ունենք պատմական հուշարձաններ, ակտիվ հայ համայնք: Վիրահայերին չի կարելի համարել սփյուռք` նրանց պետք է ցուցաբերել առանձահատուկ վերաբերմունք»,- նշեց Վ. Այվազյանը:
Նրա խոսքով՝ 2014թ.-ի երկկողմ ապրանքաշրջանառությունը ավելացել է 45%-ով, ինչը զգալի թիվ է:
«Վրաստանի և Հայաստանի անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում, այլ փոխլրացնում է միմյանց»,- նշեց Վ. Այվազյանը:
Իր հերթին Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություններին, ասաց, որ Վրաստանը և իր տարածքը կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով:
«2013թ.-ից սկսված՝ վրացական գյուղմթերքները վերադարձել են Ռուսաստան, այդ թվում վրացական գինիները, որոնք ճանաչում ունեն Ռուսաստանում»,-նշեց Ջ. Մելիքյանը:
Վրացագետն ասաց, որ Վրաստանի իշխանությունները փորձում են տարանջատել Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրները տնտեսական հարաբերություններից:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում սկսեց ակտիվորեն քննարկվել ավարա-կախեթյան ճանապարհի բացման հարցերը, որը կարող է փոխլրացնել Վերին Լարսի ճանապարհը: