22/12/2014 19:51
Հայ-վրացական կապերի խորացումը հակակշիռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հայտարարել է, որ Վրաստանի համար առաջնահերթություն է ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը: Դեսպանը նշել է, որ Վրաստանը նաև հույս ունի ընդլայնել կապերը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում:
Նախորդ շաբաթ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Կարսում ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ընդգծել են TANAP գազամուղի, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության և երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող ծրագրի կյանքի կոչման կարևորությունը:
Այս պահին երեք երկրների միջև էներգետիկ համագործակցության առումով գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա: Հաջորդ տարի տեղի կունենա ադրբեջանական լոբբինգով և ֆինանսավորմամբ տեղի ունեցող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումը:
Բացի այդ, գոյություն ունի «Silk Wind» նախագիծը, որի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղին պետք է կյանքի կոչվի:
Նշենք, որ Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի և Վրաստանի՝ 1.19 միլիարդ դոլարի: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են: Ինչպես հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանը, Վրաստանի թիվ մեկ հարկատուն ադրբեջանական SOCAR ընկերությունն է:
Ինչ վերաբերվում է Հայաստանին և նրա շահերին, ապա հայ-վրացական հարաբերությունների խորացումը կարևորվում է թե Երևանի, թե Թբիլիսիի կողմից: Երկրների միջև բավականին ակտիվ են երկկողմ այցերը՝ բոլոր մակարդակներով: Այս տարվա հունիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Վրաստան և հանդիպել վրացական ղեկավարության հետ: Օգոստոսին երկօրյա այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հայ-վրացական համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը:
Ինչ վերաբերվում է Վրաստանի հետաքրքությանը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, ապա Թբիլիսին հետաքրքված է Հյուսիս-Հարավ ծրագրի կյանքի կոչմամբ: 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ:
Վրացական կողմը հետաքրքված է նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ, քանի որ այդ դեպքում Վրաստանը օգտագործելով Հայաստանի տարանցման հնարավորությունները կկապվի Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ և դուրս կգա դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ:
Բացի այդ, քննարկվում է նաև ավարա-կախեթական ճանապարհի վերակառուցման հարցը, որը Վերին Լարսից բացի նոր կոմունիկացիոն հնարավորություն կստեղծի Հայաստանի համար Վրաստանի տարածքով կապվել Ռուսաստանի հետ: Ավարա-կախեթական ճանապարհը գոյություն է ունեցել 19-րդ դարից սկսած: Վերին Լարսը եղանակային անբարենպաստ պայմաններում փակվում է, իսկ այս լրացուցիչ ճանապարհի առկայությունը ռազմավարական նշանակություն կունենա Հայաստանի համար: