22/12/2014 17:18
Եթե Ղարաբաղի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, դրանից միայն Ռուսաստանն է տուժելու. Քաղաքագետ
Ռուս-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Նրա հիշեց սակայն, երբ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայից վերադարձավ Մոսկվա, հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը հայտարարեց, որ ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրվել, այլ հակառակը՝ ստեղծվել է հուշագիր, որտեղ ամրագրվել է այդ հանդիպումն ու դրանցում տեղի ունեցած քննարկումները: Քաղաքագետը հավելեց, որ նման մի դեպք եղավ նաև Պուտինի Չինաստան կատարած այցի ժամանակ, երբ լուրեր սկսեցին շրջանառվել, թե Պեկինում ստորագրվել է դարի պայմանագիրը, մինչդեռ իրականում նման բան տեղի չէր ունեցել: Ընդամենը համաձայնագիր էր ստորագրվել ռուսական գազի շուրջ, և Չինաստանը պարզ ցույց տվեց, որ ոչ մի համաձայնություն էլ չկա: «Այսինքն՝ այս ամենը ավելի շատ պրոպագանդայի արդյունք է, քան իրականություն»,-նկատեց Ղումաշյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ այդ հարաբերությունների խորացումը զուտ ֆորմալ բնույթ է կրում, որը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ ոչ ռուս-հայկական, ոչ էլ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Նա նկատեց նաև, որ այսօր Ռուսասստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, և բնական է, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի:
Ինչ վերաբերում է՝ ռուս-թուրքական հարաբերությունների ու խորացմանն ու թե ինչպես դրանք կանդրադառնան Հայաստանի հետ հարաբերությունների վրա, քաղաքագետը ընդգծեց, որ մտահոգվելու կարիք չկա: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և Ռուսաստանն ուզում է պարզապես ցույց տալ, որ ինքը ելքեր է գտնում: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել տնտեսությունը ոտքի կանգնեցնել, որը կարծես ստացվում է: Ռուսաստանի տնտեսության 70 տոկոսը կախված է այսօր դոլարից և նա փորձում է իր բյուջեն լրացնել նավթից: Այդպես եղել է միշը, անգամ Խորհրդային տարիներին, երբ ներքին բյուջեն լրացվում էր այդ հավելյալ վճարներով: Ռուսաստնն իր ներքին խնդիրներն է ուզում լուծել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Պուտինն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ 3 անգամ անտեսեց ու շրջանցեց իր ռազմավարական գործընկերոջը, քաղաքագետը ընդգծեց, որ դա միտումնավոր չէր: «Դա պատահականությունների շարքից է: Բացի այս՝ այստեղ պետք է հաշվի առնել նաև ՌԴ նախագահի հոգեբանական վիճակը, որը բավականին լուրջ է: Պուտինն այսօր շատ վատ հոգեբանական վիճակում է գտնում, քանի որ փորձում է ռազմավարական գործիքները չկորցնել ու պայքարել»,- նկատեց Ղումաշյանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա քաղաքագետն ընդգծեց, որ ոչ մի կտրուկ գործողություններ այստեղ ևս չեն սպասվում: Նրա խոսքով՝ եթե մեկն ու մեկն այսօր փորձի արկածախնդրության ճանապարհով ընթանալ, ապա դա ձեռք չի տա ոչ մեկին: «Հին խնդիրները չլուծած, ոչ մեկ չի ցանկանա նոր խնդիրներ առաջացնել: Դա ձեռնտու չէ ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ առավելևս՝ Ռուսաստանին: Եթե կտրուկ քայլեր լինեն, ապա դա ոչ թե խնդիր է լուծելու, այլ հակառակն՝ ավելի վատ ազդեցություն է ունենալու: Եթե Ռուսաստանը ցանկություն ունենա, որպեսզի Ադրբեջանը հավակնի Ղարաբաղին, ապա դրանից առաջին հերթին ինքն է տուժելու: Եթե Ադրբեջանը ևս ցանկություն հայտնի դառնալ ԵՏՄ անդամ, դա ևս Ռուսաստանի համար բավականին լուրջ հարված է լինելու»,- շեշտեց բանախոը՝ հստակեցնելով, որ եթե Արցախի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, ապա դրանից չի շահելու ոչ միայն Ադրբեջանը, այլ նույն ինքը Ռուսաստան, ով առանց այդ էլ միայնակ է տարածաշրջանում: «Կհայաթափվի ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը, իսկ դա ձեռք չի տալիս Ռուսաստանին: Նա դժվարությամբ է պահում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ նրա միակ դաշնակիցը Հայաստանն է: Ռուսատանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը պաշտպանում է Թուրքիայի շահերը, և թույլ չի տա արկածախնդիր լուծում»,- եզրափակեց նա: