22/12/2014 17:30
Մաղթում եմ, որ քիչ խոսեն ու աշխատեն. Բաբուխանյանի ամանորյա մաղթանքը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Ամանորը դիմավորելու է տանը, ընտանիքի հետ. «Ինչպես միշտ՝ կլինեմ Հայաստանում, ընդտանիքիս կողքին: Ամանորը ընտանեկան տոն է, և ես ուզում եմ այն ընտանիքիս հետ անցկացնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Իսկ, թե ի՞նչ սպասումներ ունի պատգամավորը, նա նշեց, որ 2015 թվականին Հայաստանն ընթանալու է նոր ուղով և ինքն հուսով է, որ ամեն ինչ բարեհաջող կլինի: «ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին շատ հզոր ապագա է խոստանում, և մենք պետք է ԵՏՄ-ում ստանանք մեր բոլոր ակնկալիքներն ու սպասումները, որոնք այդքան մեծ են»,- ասաց նա:
Բաբուխանյանը ընդգծեց, որ Հայաստանը պետք է լավ ու շատ աշխատի, որպեսզի այդ սպասումների գոնե մի մասնը 2015-ին իրականանան: «Մաղթում եմ, որ մի քիչ քիչ հիմարություններ դուրս տան, քիչ վիրավորեն ու լծվեն աշխատանքի»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ նոր ճանապարհը բազմաչարչար ու պահանջկոտ է, որի համար պետք է համատեղ պայքարեն, տնտեսությունը և մշակույթը զարգացնեն: Այդուհանդերձ՝ Բաբուխանյանը համոզված է, որ իր գործընկերները կհամախմբվեն ու միասնական կաշխատեն: «Նախորդ տարի ավելի շատ խոսում էին, քան աշխատում: Մաղթում եմ, որ այս տարի այդ խոսքն իսկապես գործ դառնա: Ակնկալում եմ, որ 2015 թվականին Հայաստանն իսկապես կունենա նվաճումներ՝ բոլոր բնագավառներում»,- ասաց պատգամավորը: