22/12/2014 18:18
Կնոջը ծեծի ենթարկելու գործով մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց
Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է 28-ամյա Հասմիկ Խաչատրյանի՝ բախտագուշակ Վարսիկի հարսի նկատմամբ ընտանեկան բռնության գործով դատավճիռը: Հասմիկի նախկին ամուսին Սարգիս Հակոբյանը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրման և համաներմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից։ Կանանց ռեսուրսային կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք, իհարկե, դժգոհ են դատավճռից:
«Ստացվում է՝ կնոջդ 9 տարի կարող ես ծեծել ու անպատիժ մնալ»,-ասաց Պ. Կաժոյանը։ Նրա խոսքով՝ ողջ խնդիրը գալիս է նրանից, որ մենք չունենք ընտանեկան բռնության կանխման վերաբերյալ օրենք, ինչը իրենց համար ազդանշան է, որ գործի նրբությունները հաշվի չեն առնվելու և դատավճիռն էլ նույն կերպով է կայացվելու:
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք և պատճառել նրան: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ Սարգիս Հակոբյանը 2013 թվականի մայիսի 05-ին ժամը 23-ի սահմաններում եկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի իրենց բնակարան և ննջասենյակում տեսել է, որ դստեր դեմքի շրջանում քերծվածքներ կան: Կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին հարցրել է, թե ինչի հետևանքով է դուստրը ստացել այդ վնասվածքները: Վերջինս նրան պատասխանել է, որ ընկնելու հետևանքով, սակայն Սարգիս Հակոբյանը պատճառաբանել է, որ ընկնելուց հնարավոր չի նման վնասվածք ստանա ու կատարվածի համար մեղադրել է կնոջը Հասմիկ Խաչատրյանին և ձեռքի ափային մասով հարավածել է նրա ձախ այտին, որից Հասմիկ Խաչատրյանն ուժեղ ցավ է զգացել ու բղավել է, որը լսելով ննջասենյակ է մտել Սարգիս Հակոբյանի մայրը և ցանկացել է Հասմիկ Խաչատրյանին դուրս հանել ննջասենյակից, սակայն Սարգիս Հակոբյանը բռնել է Հասմիկ Խաչատրյանի մազերից և հետ քաշել ու մորը դուրս է հանել սենյակից:
Դրանից հետո, նա Հասմիկ Խաչատրյանին ասել է, թե իր ձեռքից ուր էր փախչում ու հայհոյել, որից հետո վերցրել է պահարանի վրա դրված ջրով լի բաժակը և հարվածել Հասմիկ Խաչատրյանի գլխի գագաթային մասին, որի հետևանքով վերջինս ընկել է հատակին և Սարգիս Հակոբյանը շուրջ 20 րոպե անհանգիստ ման է եկել ննջասենյակում և ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի գլխին, դեմքին և մեջքին, այդպես 6-7 անգամ Հասմիկ Խաչատրյանը լաց է եղել և Սագիս Հակոբյանից խնդրել է, որպեսզի իրեն չհարվածի, սակայն Սարգիս Հակոբյանը նրա խոսքերին ուշադրություն չի դարձրել և կարծես թե ոգևորվել և հաճույք է զգացել նրան հարվածելուց, որից հետո վերցրել է սենյակում գտնվող փայտյա աթոռը և հարվածել է Հասմիկ Խաչատրյանի մեջքի հատավածին, որի հետևանքով աթոռը կոտրվել է և աթոռից պոկված փայտյա գլխիկով ինքը բազմաթիվ հարվածներ է հասցրել Հասմիկ Խաչատրյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որից վերջինս ուշագնաց է եղել և ուշքի է եկել կրկին ստացած հարվածներից, որից հետո քաշել է Հասմիկ Խաչատրյանի մազերից և ասել, որպեսզի գնա լվացվելու:
Այս ամենի հետևանքով Հասմիկ Խաչատրյանը ստացել է գլխի մազածածկ հատավածի` աջից ճակատ-գագաթային, գագաթային, գագաթ-ծոծրակային շրջանների և ծոծրակային միջին շրջանի մեկական սալջարդ վերքեր, ձախ դաստակի թիկնային մակերեսի 2-րդ նախադաստակային ոսկրի պրոյեկցիայով, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսի շրջանների մեկական սալջարդ վերքեր և գլխուղեղի ցնցում Հասմիկ Խաչատրյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս առողջության քայքայումով:
Բացի այդ, 2013 թվականի մայիս ամսվա վերջին և հունիս ամսվա սկզբին Սարգիս Հակոբյանը իրենց տան խոհանուցում վիճաբանել է Հասմիկ Խաչատրյանի հետ ասելով, թե կասկածում է, որ ինքը լավ տղա է և միաժամանակ ասել է, եթե ինքը կասկածի, որ Հասմիկ Խաչատրյանը դավաճանում է իրեն աչքերը կհանի և ձեռքին եղած ծխախոտը մոտեցրել է վերջինիս դեմքին ու Հասմիկ Խաչատրյանը ձեռքերով փակել է իր դեմքը, որից հետո Սարգիս Հակոբյանը ծխախոտի այրվող գլանակով այրել է Հասմիկ Խաչատրյանի ձախ նախաբազուկը:
Դրանից հետո, 2013 թվականի հունիսի 16-ին ժամը 23-ի սահմաններում, Սարգիս Հակոբյանն իրենց տան բակում վիճաբանել է կնոջ Հասմիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանը ձեռքի ափային մասով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի աջ ականջին, որից վերջինս ուժեղ ցավ է զգացել և վազելով գնացել է տան ուղղությամբ: Սարգիս Հակոբյանը ձայն է տվել ասելով, թե ուր է փախչում իր ձեռքից, որից հետո ոտքով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Հասմիկ Խաչատրյանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, նախաբազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի շրջանների, ձախից զստային շրջանի` զստոսկրի կատարի պրոյեկցիայով, արյունազեղումների ձևով ստացել է վնասվածքներ, որոնք նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Հասմիկ Խաչատրյանի ձայնից դուրս են եկել Սարգիս Հակոբյանի մայրը և հայրը, վերջինս վիճաբանել է նրանց հետ ու նստելով ավտոմեքենան գնացել է և հետ է վերադարձել մոտ մեկ ժամ հետո և իրենց 2-րդ հարկի հյուրասենյակում ձախ ձեռքով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի ձախ այտին, որից հետո Հասմիկ Խաչատրյանը դուրս է եկել տանից: Սարգիս Հակոբյանը գնացել է նրա հետևից, սակայն Հասմիկ Խաչատրյանը վախենալով ամուսնուց թաքնվել է և մինչև հունիսի 17-ը ժամը 04-ի սահմանները մնացել է դրսում, որից հետո գնացել է իր հայրական տուն: