22/12/2014 16:23
Եթե ԵՏՄ անդամակցությունը լիներ 2004-ին, ոչ ոք դեմ չէր լինի. Քաղաքագետ
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը պետք է դիտարկել ոչ թե բացասական, այլ հակառակը՝ մեկ այլ տեսանկյունից: ԵՏՄ անդամակցությունը բխում է միայն Հայաստանի շահերից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Քաղաքագետը նկատեց՝ սա բխում է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի շահերի, ինչի շուրջ էլ հիմնականում հնչում են մտավախությունները: «Եթե մարդիկ գտնում են, թե ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը, իսկ Արցախը՝ անկախությունը, դա թյուր կարծիք է: Բնական է՝ Արևմուտք-Ռուսաստան շահերի բախումից Հայաստանը չի կարող ակնկալել որևէ լավ բան, բայց եթե մինչ օրս Արևմուտքի ու Ռուսաստանի կտրուկ հայտարարությունները որևէ կերպ չեն անդրադարձել Արցախի շուրջ ընթացող բնակցությունների վրա, հետագայում ևս որևէ կեպ չեն կարող անդրադառնալ»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա լարվածությունը չի կարող փոխել բանակցային գործընթացի ձևաչափը:
Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա քաղաքագետը նշեց՝ թեև այսօր Ռուսաստանի տնտեսությունը չի փայլում իր կարողություններով, բայց դա կարելի է միայն ժամանակավոր համարել: Ղումաշյանը վստահ է՝ եթե այդ անդամակցումը լիներ մի տաս տարի առաջ, օրինակ՝ 2004 թվականին, ապա ԱԺ ամբիոնից այսօր չէին հնչի նման գնահատականներ: «Ճիշտ է, այսօր Ռուսաստանի տնտեսությունն աղետալի կարգավիճակում է գտնվում, բայց կորեկտ չէ ասել, թե ԵՏՄ անդմակցությունը չի բխում Հայաստանի շահերից, կամ Ռուսաստանը Հայաստանին պետք չէ: ԵՏՄ անդամակցության խնդիրը եթե լիներ 10 տարի առաջ, երբ Ռուսաստանի տնտեսությունը լավ աճ էր գրանցում, ոչ ոք դեմ չէր լինի և նման հոռետեսական մտքեր չէր արտահայտի: Բարոյական չէ նման գնահատականներ տալը»,- հայտարարեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ ԵՏՄ ստեղծման գաղափարը որևէ կերպ չի առնչվում Խորհրդային միություն ձևավորելու հետ: Այդ գաղափարն առացել է ավելի վաղ: Եվ վերջապես. Ռուսաստանը այսպես, թե այնպես հանդիսանում է ռազմավարական գործընկեր և միշտ էլ պետք է Հայաստանին: «Պարզապես Հայաստանին պետք է կանխատեսելի քաղաքականություն և հզոր տնտեսություն ունեցող Ռուսաստան: Խոսքն այստեղ ռազմական պոտենցիալի մասին չէ, այլ տնտեսության: Ցավոք սրտի, այսօր այդպիսի Ռուսաստանի հետ գործ չունենք, բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանը այդպիսին չէ: Ճիշտ է, մենք դատապարտված ենք նրա հետ լինել ռազմավարական գործընկեր, բայց դա չի խանգարում, որ մենք մեր հարաբերությունները խորացնենք նաև մյուս պետությունների հետ»,- ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ այսօր Հայաստանին ոչ ոք չի խանգարում համագործակցել այլ պետությունների հետ: «Իսկ ով ասաց, որ Հայաստանը չի կարող օգտվել կամ համագործակցել այլ պետությունների հետ: Կարող է: Մնում է միայն աշխատել»,- ասաց նա: