22/12/2014 20:03
Ե՞րբ իրավապահ մարմիններին կներկայանա Վալերի Օսիպյանի եղբորորդին
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, իրավապահ մարմիններին կներկայանա միայն անհրաժեշտ առերեսումներից հետո: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կ. Գրիգորյանը ասել էր, որ ապացույցներ ունի, որ իր պաշտպանյալը չի դանակահարել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին, մասնավորապես, իր կողմից մասնավոր հարցումներ են կատարվել որոշ անձանց և դրանցում կան գործի համար նշանակալի ցուցմունքներ, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել:
«Ես դա ներկայացրել եմ քննիչին և նրանք կկանչվեն հարցաքննության»,- ասել էր նա՝ նշելով, որ իրենց շանսերը բավարար է գնահատում:
Փաստաբանը ասաց, որ ինքը միջնորդել է որոշ անձանց հարցաքննել և այժմ պետք է առերեսումներ լինեն այն մարդկանց հետ, ովքեր Ս. Օսիպյանի կողմից դանակահարելու վերաբերյալ ցուցմունք են տվել:
Դանակահարված Վանուշ Ալեքսանյանի մայրը՝ Լիլիա Ալեքսանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար ամենակարևորը իր որդու առողջությունն է, իսկ որդին այժմ ապաքինվել է: Հարցին՝ արդյոք չի՞ ցանկանում, որ որդուն դանակահարողները պատժվեն, նա ասաց, որ իհարկե, ցանկանում է, սակայն դրանով իրավապահ մարմիններն են զբաղվում: Արդյոք այս ընթացքում իրենց հրավիրե՞լ են հարցաքննության, որևէ քննչական գործողությունների կատարման հետ կապված տեղեկատվություն ունի՞, Լ. Ալեքսանյանը ասաց, որ հրավիրել են, սակայն, չի հիշում՝ երբ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը դանակահարության հետևանքով «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել Վ. Ալեքսանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Ս. Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: