25/12/2014 18:43
ՀԿԵ. Շահագործման է հանձնվել Հայաստանում վերանորոգված առաջին էլեկտրաքարշը
Այսօր ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու 2014 թվականի ևս մեկ խոշոր նախագիծը՝ շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը: Այս մասին տեղեկանում ենք Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մամուլի ծառայությունից:
Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը:
Դրա հետ մեկտեղ շահագործման է հանձնվել վերանորոգված ՎԼ-8 էլեկտրաքարշը, որը երկար ժամանակ չէր աշխատել:
Գյումրեցիներին շնորհավորել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ ավարտվել էր Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերակառուցումը:
«Մենք շարունակել ենք արդիականացման ծրագիրը՝ լոկոմոտիվային դեպոն հագեցնելով շարժակազմի վերանորոգման և ախտորոշման համար անհրաժեշտ նոր ժամանակակից սարքավորումներով: Շահագործման է հանձնվել անվազույգերի փոխարինման հաստոցը, մեր վարպետներն արդեն տիրապետում են շարժիչների վերանորոգման, տեխնիկական մեքենաների ոլորունների մեկուսացման տեխնոլոգիաներին: Այսօր մենք ճանապարհ ենք բացում երկու նոր լոկոմոտիվների համար, որոնք ունեն 400 հազ. կմ. աշխատանքային ռեսուրս»,- էլեկտրաքարշը շահագործման հանձնելու ժամանակ ասաց ՀԿԵ ղեկավարը:
Երկաթուղայիններին շնորհավորել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Միջոցառման շրջանակներում պատվոգրեր և նվերներ են հանձնվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին:
Նախատեսվում է, որ 2015 թվականին Գյումրիում վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշ, ինչը թույլ է տալու էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը: