25/12/2014 19:10
Պատգամավորներն այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր և զորամաս
Նախօրեին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները` Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում: Հանձնաժողովի անդամներն այցելել են մարտական հենակետեր և զորամաս, որտեղ զրուցել են զինծառայողների հետ, քննարկել նրանց առաջնային խնդիրները, ինչպես նաև ուսումնասիրել են մարտական հենակետերի պայմանները: Այնուհետ ճաշել են զինծառայողների հետ:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ լավագույն զինծառայողներին հանձնվել են հուշանվերներ, նաև նվերներ` մարտական հենակետերի բոլոր զինծառայողներին:
Հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել նաև սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են համայնքների սոցիալ-տնտեսական վիճակին, բնակիչների կենսապայմանների բարելավմանը, զինվորականների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պատգամավորները համայնքների ղեկավարներին ներկայացրել են սահմանամերձ համայնքների համար 2015 թ-ից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները: