26/12/2014 10:25
Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել «Արևմուտք-Արևելք» էներգետիկ միջանցքի
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը կվերածվի Կենտրոնական Ասիայից էներգակիրներ տարանցող երկրի, եթե Ղազախստանն ու Թուրքմենստանը միանան TANAP և TAP ծրագրերին:
Ադրբեջանը, որը էներգակիրներ արտահանող երկիր է, ցանկանում իր նավթազագային ենթակառուցվածքները տրամադրել մերձկասպյան այլ երկրներին՝Ղազախստանին և Թուրքմենստանին այլընտրանքային ճանապարհով դեպի Արևմուտք նրանց էներգակիրները արտահանելու համար: Տվյալ քաղաքականությունը ձեռնտու է Ղազախստանին և Թուրքմենստանին, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները և նվազեցնել միակողմանի տարանցիկ կախվածությունը Ռուսաստանից:
Այդ ուղղությամբ վերոնշյալ երկրները՝Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում:
«Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա «Արևմուտք-Արևելք», «Հյուսիս-Հարավ» էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթի նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթի ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:
Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից`Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում:
Թուրքմենստանը վերջերս որոշում է կայացրել Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:
Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:
Նախագծի իրականացմանը կարող է խոչընդոտել Բաքվի և Աշգաբադի միջև Կասպից ծովում գտնվող մի շարք հանքավայրերի պատկանելիության շուրջ առկա վեճերը, որոնք հանգեցրել են նաև երկու երկրների կողմից Կասպից ծովի միլիտարիզացիային ու ռազմածովային ուժերի արդիականացմանը: Բացի այդ, պետք է հստակեցվի Կասպից ծովի իրավական կարգավիճակը: